20/03/2018 13:35
Հայաստանը կընդլայնի դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ` զարգացնելով անվտանգության ոլորտում գործընկերությունը նաև ԱՄՆ, Չինաստանի և եվրոպական երկրների հետ
2018-2024թթ. Հայաստանը կշարունակի ընդլայնել ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ և կզարգացնի անվտանգության ոլորտում գործընկերային հարաբերությունները ԱՄՆ-ի, Չինաստանի, եվրոպական և այլ երկրների հետ, այս մասին նշված է ԶՈւ արդիականացման յոթնամյա ծրագրում:
Ըստ դրա` հաշվի առնելով, որ Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումների պատճառով ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման հավանականությունը ցածր է և սեփական երկրի ներքաղաքական զարգացումները կանխելու նպատակով Ադրբեջանը, հնարավոր է, վերսկսի ռազմական գործողությունները ԼՂ հակամարտության գոտում` ԶՈւ արդիականացման յոթնամյա ծրագրի շրջանակներում Հայաստանը պատրաստվում է կատարել հետևյալ քայլերը.
«1. Հայաստանը կշարունակի պահել և զարգացնել իր հասանելի ռեսուրսների համեմատ մեծաթիվ, խառը (զորակոչային և պայմանագրային) համալրմամբ զինված ուժեր՝ հասանելի ռեսուրսների շրջանակում զինված ուժերի մարտունակության բարձրացմամբ, սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիական միջոցների կիրառմամբ հնարավորինս մեծ ռազմական արդյունավետության միջոցով ապահովելով «պաշտպանունակության ցանկալի մակարդակը,
2. կզարգացնի հավաքական պաշտպանության գործուն մեխանիզմներ և ակտիվորեն կներգրավվի անվտանգության ապահովման միջազգային ջանքերին՝ իր արտաքին քաղաքական շահերին և առաջնահերթություններին համապատասխան,
3.կընդլայնի ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ և ՀԱՊԿ շրջանակներում՝ այն դիտելով որպես ազգային անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչ և շահագրգիռ մասնակցություն ունենալով ՀԱՊԿ-ի հետագա ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին,
4. կզարգացնի անվտանգության ոլորտում գործընկերային հարաբերությունները ԱՄՆ-ի, Չինաստանի, եվրոպական և այլ երկրների հետ, ինչպես նաև ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի և մյուս միջազգային կազմակերպությունների շրջանակներում,
5. կշարունակի գործընկեր հարևան երկրների հետ հավասարակշռված բարիդրացիական հարաբերությունների զարգացման քաղաքականությունը, ներառյալ՝ տարանցման ուղիների բազմազանեցման, դրանց անխափան գործունեության ուղղությամբ։ Հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների բացակայությունը՝ տրանսպորտային ուղիների շրջափակումը կպահպանվի,
6.որպես համագործակցային անվտանգության և ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ ԱԽ համանախագահների ձևաչափով խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու ջատագով՝ տարածաշրջանում համագործակցային և գործընկերային մթնոլորտ ձևավորելու նպատակով հետամուտ կլինի անվտանգության և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը, տարածաշրջանային տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ նախաձեռնությունների ներառականության ապահովմանը,
7.կզարգացնի նոր տեխնոլոգիաների վրա հիմնված գիտատար տնտեսական ճյուղեր և պաշտպանական ծախսերին կհատկացնի ՀՆԱ-ի ոչ պակաս, քան 4%-ը,
8. առաջընթաց կունենա ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ, կբարելավի սոցիալական և ժողովրդագրական իրավիճակը,
9. միջոցներ կձեռնարկի զինված ուժերում ծառայության տեսակների ընդլայնման, զինվորական ծառայության նկատմամբ սոցիալական ու մասնագիտական գրավչության, կոռուպցիայի դեմ պայքարի և հանրային վստահության բարձրացման, կադրային և մասնագիտական առաջխաղացման արդարության սկզբունքների վերարժևորման հարցերում,
10. կիրականացնի մարտական պատրաստականության հետևողական բարձրացման, ռազմական կրթության և գիտության արդյունավետ ներուժի ձևավորման, ժամանակակից տեխնիկայի ու սպառազինության տեսակների արհեստավարժ կիրառմանն ուղղված նպատակային քաղաքականություն»: