20/03/2018 15:31
ՄԱԿ-ը հայտարարել է Թուրքիայում մարդու իրավունքների զանգվածային խախտումների մասին
Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմի գործողության շարունակումը հանգեցրել է մարդու իրավունքների զանգվածային խախտումների, իսկ հրապարակվող դեկրետների բնույթը մատնանշում է իշխանության հնարավոր չարաշահումը երկրում անցանկալի տեսակետներն արմատախիլ անելու նպատակով, ասված է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի զեկույցում, որը հրապարակվել է այսօր, փոխանցում է РИА Новости-ն:
Փաստաթուղթը պատրաստվել է 2017 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժասմանակաշրջանում երկրի իրադրության վերլուծության հիման վրա: Տեքստում նշվում Է, որ արտակարգ դրության ռեժիմի գործողության՝ սովորական դարձած երկարաձգումները հանգեցրել են մարդու իրավունքների լուրջ խախտումների: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է աշխատանքի, ազատ տեղաշարժվելու իրավունքից ապօրինաբար զրկելուն, նաև կտտանքներին, վատ վարվեցողությանը, կամայական ձերբակալություններին, ժողովների և կարծիքների արտահայտման ազատության իրավունքի սահմանափակմանը: Արտակարգ դրության ռեժիմի գործողության շարունակումը կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ պետության սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ դրության վրա:
Փորձագետներն ընդունում են, որ 2016 թվականի հուլիսի 15-ի զինվորական հեղաշրջման փորձից հետո մեծ խնդիրներ են ծառացել Թուրքիայի առջև, սակայն «դեկրետների թվաքանակը, թողարկման հաճախականությունը և ազգային անվտանգության սպառնալիքների հետ կապերի բացակայությունը մատնանշում են, որ արտակարգ դրության ընթացքում գործի դրված ուժերն օգտագործվում են կառավարության քննադատության կամ նրա հետ անհամաձայնության բոլոր ձևերը ճնշելու համար: