20/03/2018 14:29
Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն անցնելու է «Ապրել միասին» խորագրի ներքո. Էդվարդ Նալբանդյան
Հայաստանը հպարտությամբ է ընդունել Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների և կառավարությունների ղեկավարների` Հայաստանը Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովը հյուրընկալող երկիր ընտրելու որոշումը, Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեի նիստում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Այս ընտրությունը համերաշխության, Ֆրանկոֆոնիային ծառայելու հարցում Հայաստանի նվիրվածության, ֆրանկոֆոն արժեքների, մեր տարածաշրջանում Ֆրանկոֆոնիայի տարածման համար ծավալած գործունեության գնահատման նշանավորումն է: Այս որոշումը կայացվեց նաև 2015թ. Երևանում Ֆրանկոֆոնիայի նախարարական 31-րդ խորհրդաժողովի հաջողությունից հետո», -նշել է նա։
ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ գագաթաժողովն անցնելու է «Ապրել միասին» խորագրի ներքո՝ «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։
««Ապրել միասին» թեման ընտրվել է՝ հաշվի առնելով ֆրանկոֆոնիայի շրջանակներում, ես կասեի նույնիսկ միջազգային մակարդակում առկա իրողությունները։ Մենք համոզված ենք, որ «Ապրելով միասին»՝ հարգելով այն մարդասիրական արժեքները, որ մենք կիսում ենք, հնարավոր է նպաստել մեր հասարակությունների միասնության առավել ամրապնդմանը և ֆրանկոֆոն տարածքում խաղաղությանը և բարօրությանը։
«Ապրել միասին» հասկացությունը քաջ ծանոթ է հայ ժողովրդին․ աշխարհի ավելի քան հարյուր երկրներում աշխարհասփյուռ հայությունը կարողացել է լիովին ինտեգրվել իրենց հյուրընկալած երկրների հասարակություններում՝ միևնույն ժամանակ պահպանելով իրենց ազգային ինքնությունը և ընդգծելով միասին ապրելու ունակության կարևորությունը` փոխադարձ հարգանքի, ներդաշնակության, համերաշխության, բազմազանության ոգով: Ակնկալում ենք նաև աշխատել «Ապրել միասին» խորագիրը կրող Ֆրանկոֆոնիայի մի նոր հիմնարար փաստաթուղթ ստեղծելու ուղղությամբ, որտեղ կարող են համապարփակ կերպով ամրագրվել «Ապրել միասին» տեսլականի սկզբունքներն ու արժեքները՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, միջմշակութային և միջկրոնական երկխոսությունը, ահաբեկչությունը սնող արմատականացման և բռնի ծայրահեղականության, այլատյացության, ատելություն սերմանող գաղափարախոսության, անհանդուրժողականության և խտրականության բոլոր ձևերի դեմ պայքարը։ Այս տեսանկյունից մենք ցանկանում ենք, որ Ֆրանկոֆոնիայի երիտասարդական ցանցը մասնակցություն ունենա այս միջոցառմանը և իր ներդրումն ունենա այդ փաստաթղթի ստեղծման գործում», - ընդգծել է Է. Նալբանդյանը։
ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ գագաթաժողովի կարևոր միջոցառումներից մեկը, որը մտադիր է Հայաստանը կազմակերպել, Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումն է:
«Մենք մեծ կարևորություն ենք տալիս ֆրանկոֆոն ձեռնարկությունների և մասնագիտական, ինստիտուցիոնալ ցանցերի համախմբմանը տնտեսական կապերը խթանելու և գործարար միջավայը բարելավելու տեսանկյունից: Մեր նպատակն է գագաթաժողովի ժամանակ հիմնել ֆրանկոֆոն գործարարների ցանց», - ասել է նա։
Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ ցանկանալով Երևանի գագաթաժողովին հաղորդել հարուստ և բազմաշերտ բովանդակություն՝ գագաթաժողովի ընթացքում Հայաստանը նախատեսել է կյանքի կոչել բազմաթիվ նախաձեռնություններ:
«Մենք ցանկանում ենք, որ լայնամասշտաբ միջոցառումների միջոցով այս հանդիպումը դառնա համակեցության և համախմբման մի յուրօրինակ տոն, որի կարևորագույն իրադարձություններից մեկը կլինի ֆրանկոֆոն աշխարհահռչակ արվեստագետների մասնակցությամբ հոկտեմբերի 11-ին կայանալիք գալա համերգը:
Նախատեսում ենք նաև ստեղծել «Ֆրանկոֆոնիայի ավան»։ Այս ավանը տեղակայված կլինի մայրաքաղաք Երևանի կենտրոնում, որն, ի դեպ, գագաթնաժողովից անմիջապես առաջ մեծ շուքով նշելու է իր հիմնադրման 2800-ամյակը:
Մենք ցանկանում ենք, որ Գագաթաժողովի արդյունքները, համապատասխանեն Ֆրանկոֆոնիայի բարձր ակնկալիքներին: Թո՛ղ այս գագաթաժողովի տեսանելի արդյունքները Ֆրանկոֆոնիային բերեն միջազգային ճանաչում: Թո՛ղ այն մնա բոլոր մասնակիցների հիշողություններում՝ որպես ֆրանկոֆոն համերաշխության մի մեծ դրվագ:
Նույնը մաղթում եմ նաև Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերով հանձնաժողովի այս նիստին: Յուրահատուկ կերպով նշելով Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, ձեր հանդիպումը զուգադիպել է նաև Հայաստանում Ֆրանկոֆոնիայի շրջանի մեկնարկի հետ, որի ընթացքում ամեն տարի երկու ամսվա ընթացքում ավելի քան 600 կրթական ու մշակութային ֆրանկոֆոն միջոցառումներ են կազմակերպվում Հանրապետության ամբողջ տարածքում», - նշել է Հայաստանի արտգործնախարարը։