20/03/2018 16:36
Մեզ միտումնավոր ազատել է աշխատանքից, որ առկա խայտառակ փաստերը չհանրայնացնենք. ՇՊՀ դասախոսներ (Տեսանյութ)
Շիրակի պետական համալսարանի դասախոսներ Հովհաննես Խորիկյանը և Գագիկ Համբարյանը պատրաստվում են դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ բողոքելով բուհի ռեկտոր Սահակ Մինասյանի անօրինականությունների դեմ, լրագրողների հետ հանդիպմանն ասացին դասախոսները՝ տեղեկացնելով նաև, որ, միայն դատախազություն դիմելով, չեն սահմանափակվելու։
Վերջիններս պատրաստվում են նաև դիմել դատարան, փաստաբանի հետ համապատասխան փաստաթղթերն են պատրաստում։
«Ռեկտորը կոպիտ խախտում է բուհի կանոնադրությունը և փոխում է դրանք՝ հարմարեցնելով իրեն», - ասաց Գագիկ Համբարյանը։
Նրա խոսքով՝ գիտխորհրդի ծրագրային գործունեության վերաբերյալ պլան կա, որի գրեթե բոլոր կետերը խախտված են։
«Մեզ միտումնավոր ազատել է աշխատանքից, որպեսզի առկա խայտառակ փաստերը չհանրայնացնենք», - նշեց Գ. Համբարյանը։
Դասախոս Հովհաննես Խորիկյանի խոսքով էլ՝ կրթական ծառայություններ են մատուցում իրավագիտություն, սոցիոլոգիա, քաղաքագիտություն մասնագիտությունների ուղղությամբ՝ չունենալով համապատասխան քանակությամբ գիտությունների թեկնածուներ։
«Այսինքն, սա նշանակում է, որ ռեկտորը շատ պարզ կերպով շահույթ է հետապնդում՝ չմատուցելով համապատասխան կրթական ծառայություններ», - ասաց Խորիկյանը։
Դասախոսների խոսքով՝ բուհի գործունեությունը ոչ թափանցիկ է։ Դա, ըստ նրանց, երևում է նաև գնումներից. gnumner.am կայքում ոչ մի հրապարակում, նրա խոսքով, չկա դրանց վերաբերյալ։
Ասուլիսին ներկա էր նաև կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը։
«Սահակ Մինասյանը վաղուց է հայտնի։ Տարիներ առաջ Շիրակի մարզի հանրակրթության վարչության պետն էր։ Այնտեղ շատ-շատ բաներ խեղաթյուրեց, կամայական նշանակումներ արեց ու հանկարծ եկավ այս բուհի ռեկտոր», - ասաց Անահիտ Բախշյանը։