20/03/2018 11:36
Մարտի 20-ին պետք է իջեցնել դատարանների դրոշներն ու սև լենտ կապել` արդարադատությունը մահացավ այսօր. Արայիկ Պապիկյանը` Սեֆիլյանի դատավճռի մասին
Մենք երբեք չենք եղել պատրանքների մեջ ու սպասում էինք նման վճռի, այսօր Սեֆիլյանի և մյուսների գործով դատավճռի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը:
«Կարծում եմ` մարտի 20-ին այսուհետ մեր դատարաններում կարող ենք դրոշն իջեցնել և սև լենտ կապել: Մարտի 20-ը հենց այդպես պետք է նշենք, այսօր մահացավ արդարադատությունը», - ասաց Արայիկ Պապիկյանը:
Նա ընդգծեց` այս գործով չի իրականացվել դատավարություն, «եղել է թատերական ներկայացում»:
«Անձին դատապարտում են ազատազրկման երեք հոդվածներով, որոնցից ոչ մեկով բավարար ապացույցներ չկան: Սա բացահայտ քաղաքական պատվեր ու հաշվեհարդար է: Սեֆիլյանի մեղադրանքում մոռացել էին նշել նաև Քենեդու սպանության հոդվածը, որովհետև մնացած հոդվածներն այդ նույն` ֆանտաստիկայի ժանրից էին: Անձին ուղղակի պետք էր լռեցնել, ինքը էական և լուրջ վտանգ է ներկայացնում ներկայիս իշխանության համար», - ասաց Արայիկ Պապիկյանը:
Փաստաբանը նշեց, որ «զուտ ձևական ընթացակարգը պահելու համար» դիմելու են Վերաքննիչ դատարան.
«Սա անելու ենք պարզապես ընթացակարգը պահելու համար: Կարող եմ ասել, որ Հայաստանում չկա արդարադատության համակարգ, չկա դատարան», - ամփոփեց Արայիկ Պապիկյանը:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանն այսօր դատապարտվեց 10 տարի 5 ամսվա ազատազրկման: