20/03/2018 12:07
Սեֆիլյանի գործով դատապարտվածների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում դատարանի բակում
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի բակում Սեֆիլյանի և մյուսների գործով անցնողների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում: Դատավճռի ընթերցումից հետո նրանք հայհոյանքներով ճանապարհեցին մեղադրող դատախազներին, բղավելով` «պատասխան եք տալու»:
Լրագրողների հետ զրույցում գործով անցնող Գևորգ Սաֆարյանի մայրը` տիկին Շուշանը, նշեց, որ ողջ դատավարության ընթացքում չեղավ որևէ հիմք, որն ապացուցում էր իր որդու մեղավորությունը.
«Սա բացարձակ քաղաքական հետապնդում է», - ասաց Գևորգ Սաֆարյանի մայրը:
Նույն կարծիքին էր նաև 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Ներսես Պողոսյանի կինը` Լիա Պողոսյանը:
«Իր հացադուլի ժամանակ ես հասա մինչև գլխավոր դատախազի տեղակալ, հիմա հասնելու եմ մինչև գլխավոր դատախազ ու ապացուցեմ, որ այս մեղադրանքում տրամաբանություն չկա», - ասաց Լիա Պողոսյանը` նշելով, որ քննության ընթացքում իր ամուսնու ստորագրությունը կեղծվել է իրավապահների կողմից:
Նա համոզված է` Ներսես Պողոսյանը որևէ կապ չուներ ներկայացվող մեղադրանքների հետ, և նրան պարզապես ձերբակալել էին Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունքներ կորզելու համար:
Սեֆիլյանի գործով դատապարտվածների հարազատները շարունակում են մնալ դատարանի բակում: