20/03/2018 15:54
Նման տեսագրություն չկա. ՀՀ գլխավոր դատախազությունը ստում է. Նիկոլ Փաշինյան
Խորհրդարանում քննարկվում է «Ելք» խմբակցության կողմից նախաձեռնված «Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության տեքստ ընդունելու նախագիծը։
Հարցով հիմնական զեկուցող «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կրկին հիշեցրեց՝ Մարտի 1-ի դեպքերը ուսումնասիրած ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարել էր, որ մինչև օրս անհայտ է, թե ինչի հիման վրա է Ռոբերտ Քոչարյանը հայտարարել, որ ցուցարարները մեքենաների հետևից կրակել են ու թաքնվել։
«Նիկոյանի այս հայտարարությունից հետո դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի Քոչարյանին հարցաքննության կանչեն և այս կապակցությամբ պարզաբանումներ ստանան: Գլխավոր դատախազությունը մեր միջնորդությունը մերժեց, իսկ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ նախաքննության մարմնի ձեռքի տակ կան այդ ամենը հիմնավորող տեսանյութեր: Ես ուզում եմ մարտահրավեր նետել Կոստանյանի հայտարարությանը ու պնդել՝ եթե դա ստահոդ հայտարարություն չէ և կա տեսագրություն, ապա համապատասախան մարմինները թող հրապարակեն», - ասաց Փաշինյանն ու ավելացրեց. «Նման տեսագրություն չկա։ Թող ապացուցեն հակառակը։ ՀՀ գլխավոր դատախազությունը ստում է»։
Փաշինյանը նաև անդրադարձավ 2008-ի ՊՆ-ի գաղտնի այն հրամանին, որի համաձայն, Կոստանյանը փորձել է տպավորություն ստեղծել, թե հրաման է եղել ամրացնել սահմանը, մինչդեռ բարձրաստիճան պաշտոնյաների և կայազորի գործառույթները եղել են ՀՀ սահմաններից շփման գծից զինտեխնիկա և զինվորներ տեղափոխելը կենտրոն՝ ՀՀ քաղաքացիներին գնդակահարելու և բողոքը ճնշելու։
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց Փաշինյանից, թե ինչպե՞ս է նա մեկնաբանում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունները, թե Փաշինյանն է Մարտի 1-ի դեպքերի հրահրիչը, և ինչպե՞ս պետք է Մարտի 1-ի զոհերին տրամադրվի փոխհատուցում։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետաիրավական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նշել է՝ ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս, որ Մարտի 1-ի զոհերի հարազատները ստանան փոխհատուցում։
«Քանի որ պարոն Կոստանյանն է այդ հայտարարության հեղինակը, թող ինքն էլ ներկայացնի, թե ինչ օրենսդրության պայմաններում են նրանք փոխհատուցում ստանալու», - ասաց Ն. Փաշինյանը։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքին՝ Փաշինյանը ասաց. «Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունից երևաց, որ նա վատ է զգացել՝ ընդդիմության ներկայացուցիչները կազմակերպել են լսումներ ԱԺ դահլիճում։ Հիմա ժամանակ է անցել, հուսով եմ, որ նրա զգացողությունը վերականգնվել է ու ունի բավարար առողջություն, որպեսզի նախաքննության հարցերին պատասխանի ու ցուցմունքներ տա»: