21/03/2018 11:34
Խորհրդարանական մեր գործունեությունը դարձել է շուտասելուկ. Նիկոլ Փաշինյան
Խորհրդարանական գործունեությունը դարձել է շուտասելուկ, ինչն անընդունելի է, ԱԺ-ում միջազգային պայմանագրերի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քվեարկությունների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
«Հիմա օրակարգը սպառեցինք, երկու դատարկ օր է մնացել ու հիմա պետք է մտածենք՝ ի՞նչ անենք, որ հետաքրքիր անցնի», - դժգոհեց Ն.Փաշինյանը՝ նշելով, որ ինքն ԱԺ խորհրդում առաջարկել է սկզբունք դարձնել, որ որևէ մայր օրենք 3 ժամից պակաս չի կարող քննարկվել:
Վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյան, նկատելով, որ բերվել է մայր օրենք՝ հարակից 35 օրենքների նախագծերով, որը խորհրդարանը մեկ ժամում է քննարկել։
«Հասկանում եմ՝ շատերը չեն ցանկանում աշխատել, բայց կան մարդիկ, ովքեր ուզում են քննարկել այս ամենը, դրա համար մենք դեմ ենք քվեարկելու։ Դրա համար ԱԺ խորհրդում նորմալ ժամանակ սահմանեք, որպեսզի հնարավոր լինի քննարկել», - ասաց Գ.Գորգիսյանը:
Նշենք, որ երեկ մեկնարկած ԱԺ քառօրյայում որոշում կայացվեց նախագծերը հատուկ ընթացակարգով քննարկել, որի արդյունքում խորհրդարանն աշխատեց միայն մեկ ժամ ընդմիջմամբ։ Արդյունքում այսօր առավոտյան նիստերի օրակարգը սպառվեց և ԱԺ-ն ավարտեց հերթական նիստերի աշխատանքները։