21/03/2018 14:48
Toyota-ն դադարեցրել է ԱՄՆ-ում անվարորդ ավտոմեքենաների փորձարկումները
Ճապոնիայի Toyota Motor ավտոհսկան մասնակիորեն դադարեցրել է անվարորդ ավտոմոբիլների փորձարկումները, որոնք կատարվում էին ԱՄՆ-ում՝ Միչիգան և Կալիֆոռնիա նահանգների սովորական ճանապարհներին: Այս որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ մատի 18-ին Արիզոնայի նահանգում նման փորձերի ընթացքում Uber ընկերության անվարորդ ավտոմեքենան մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին, հայտնել է Kyodo լրատվական գործակալությունը, փոխանցում է ТАСС-ը:
Փորձարկումների դադարեցումն, ինչպես հայտարարվել է, կապված է սթրեսը վերացնելու անհրաժեշտության հետ, որն Արիզոնայում տեղի ունեցած միջադեպից հետո կարող են ունենալ ապահովության համար ինքնավար ավտոմոբիլներում գտնվող վարորդները: Toyota Motor-ն այժմ ԱՄՆ-ի ճանապարհներին փորձարկում է երկու համակարգ: Դադարեցված են առաջինի փորձարկումները. դա լիովին անվարորդ ավտոմատ վարում է: Սակայն շարունակվում է երկրորդի փորձարկումը, որը կոչված է ավտոմեքենայի կառավարումն իր վրա վերցնել միայն արտակարգ իրավիճակներում: