21/03/2018 14:58
Յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ գազո՞վ ջեռուցել տունը, թե՞ վառելափայտով. Նախարար
Ազգային ժողովում այս պահին քննարկվում է ԱԺ «Ելք» խմբակցության հարցապնդումը, որը վերաբերում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների վերջին տասը տարվա գործունեության արդյունքներին։
Էներգետիկ ենթակառուցվածնքերի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը տեղեկացրեց, որ խմբակցությանն ուղարկված գրավոր պատասխանում մանրամասն ներկայացրել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից գնված բնական գազի ծավալները, գազի կորուստների մասին վիճակագրություն, Իրանից բնական գազի ներկրման ծավալները և այլն։ Բացի այդ, ըստ նախարարի, նույն ու ավելի մանրամասն տեղեկություն տրամադրվել է ՀԷՑ-ի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ։
«Կարծում եմ՝ լավ ենք կատարել մեր տնային աշխատանքը», - ասաց Մանուկյանը։
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, նախարարին դիմելով, ասաց, որ Հայաստանի կառավարությունը պարծենում է, թե մեր երկիրը ամենագազաֆիկացված պետությունն է, մինչդեռ Առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն, գյուղական բնակավայրերի 72 տոկոսը տները տաքացնում է վառելափայտով։
Ի պատասխան նախարար Մանուկյանն ասաց, որ գազաֆիկացումը և գազի օգտագործումը տարբեր բաներ են։ Նախարարն ասաց, որ Հայաստանի գազաֆիկացումը հասնում է 98 տոկոսի, սակայն, թե բնակիչներն ինչով են ուզում ջեռուցել տունը, դա իրենց խնդիրն է։
«Յուրաքանչյուր ոք ինքն է որոշում՝ գազո՞վ ջեռուցել սեփական տունը, թե՞ վառելափայտով», - հավելեց նախարարը։