21/03/2018 14:09
Չկան մեծ տատանումներ քաղաքական դաշտում, և դա պետության զարգացման երաշխիքն է. Գևորգ Կոստանյան
Հայաստանի նախագահը չէր կարող նման բան նկատի ունենալ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով հարցին՝ երբ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ երկրում ներքաղաքական իրավիճակը երբեք այնքան կայուն չի եղել, որքան հիմա, արդյոք նկատի ունի, որ այլևս ընդդիմություն չկա։
Կոստանյանի կարծիքով՝ աքսիոմատիկ ճշմարտություն է այն, որ երկրի առաջընթացը և զարգացումը պայմանավորված է բացառապես ընդդիմության առկայությամբ։
«Ընդդիմության առկայությունը յուրաքանչյուր պետության և իշխանության համար ուղղակի անհրաժեշտություն է: Սերժ Սարգսյանը խոսում էր այն մասին, որ կայուն է իրավիճակը, չկան մեծ տատանումներ քաղաքական դաշտում, ինչն ամենակարևոր երաշխիքն է պետության զարգացման և առաջընթացի համար: Որևէ երկիր չի կարող զարգանալ, եթե չկա կայունության երաշխիք: Դա չէր կարող վերաբերվել նրան, որ կայուն է, որովհետև չկա ընդդիմություն, որովհետև առանց ընդդիմության պետությունը ժողովրդավարական և առաջընթաց ունեցող պետություն երբեք չես կարող անվանել», - նշեց իշխանական խմբակցության պատգամավորը: