21/03/2018 19:10
Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի արդյունքները կնպաստեն խաղաղության ամրապնդմանն ու կայուն զարգացմանը. Եգիպտոսում ՀՀ դեսպան
Մարտի 20-ին Կահիրեի Օպերայի տանը Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը կազմակերպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանն իր ելույթում անդրադարձել է հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպության 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների և օրակարգի մասին՝ շեշտելով, որ Հայաստանն ամենայն պատասխանատվությամբ է պատրաստվում այդ կարևոր միջոցառմանը, որին ակնկալվում է ամենաբարձր մակարդակի մասնակցություն ավելի քան 80 երկրներից։
Դեսպանը վստահություն է հայտնել, որ «Ապրել միասին» կարգախոսի ներքո կայանալիք գագաթաժողովի արդյունքները կնպաստեն ֆրանկոֆոնիայի համատեքստում հասարակությունների մերձեցմանը, ինչպես նաև խաղաղության ամրապնդմանն ու կայուն զարգացմանը։
Միջոցառման ընթացքում ցուցադրվել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կապակցությամբ պատրաստված Հայաստանի մասին պատմող այցեքարտ-տեսահոլովակը: