21/03/2018 13:37
Ես կամ որևէ մեկը չէր կարող Եվրոպական դատարանին մարտի 1-ի սպանությունների վերաբերյալ գնահատական տալ, քանի դեռ քրեական գործ կա. Կոստանյան (Տեսանյութ)
Հայաստանի Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց, որ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ բոլոր ձայնագրությունները, որոնց մասին խոսել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, գտնվել և գտնվում են նախաքննությունն իրականացնող մարմնի տրամադրության տակ:
Սրանով Կոստանյանն արձագանքեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ չեն կարող լինել ձայնագրություններ, որոնք կփաստեն Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, թե մարտի 1-ին ինչ-որ անձինք ավտոբուսների հետևից դուրս են եկել, ավտոմատներով կրակել են ոստիկանների վրա և թաքնվել են:
«Այն, ինչ ես մեկ անգամ արդեն ասել եմ, այն, ինչ ես նոր կրկնեցի, նույնը կասեմ վաղը և նույնը կասեմ 5 օր հետո», - նշեց Կոստանյանը:
Հարցին՝ այսինքն մարտիմեկյան դեպքերի ժամանակ սպանությունները ինքնապաշտպանության հետևա՞նք են, Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Դա ընդամենը ձեր հետևությունն է: Սպանությունների պատճառը, մոտիվը, եղանակը, ով սպանեց և ինչ պայմաններում, տալու է նախաքննության մարմինը, հետևաբար ես կամ որևէ մեկը չի կարող գնահատական տալ: Նույն կերպ ես կամ որևէ մեկը չէր կարող Եվրոպական դատարանին սպանությունների վերաբերյալ գնահատական տալ, քանի դեռ քրեական գործ կա: Եթե քրեական գործն այդ պատասխանները տված լիներ, ես դրանք կներկայացնեի Եվրոպական դատարանին», - ասաց Կոստանյանը:
Անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ այդ տեսաձայնագրությունները ՄԻԵԴ-ին չեն տրամադրվել, Գևորգ Կոստանյանը պատասխանեց, որ ՄԻԵԴ-ը ինչ պահանջել է, իրենք տվել են:
«Ինչ Եվրոպական դատարանը պահանջել է, բոլորը տրամադրվել են», - ընդգծեց Կոստանյանը: