21/03/2018 13:53
ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ-ին ասել է, որ մարտի 1-ին ոստիկանության կիրառած ուժը բացարձակ անհրաժեշտ է եղել և չի առաջացրել կյանքի իրավունքի խախտում. Կոստանյան (Տեսանյութ)
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությունները, թե Հայաստանի կառավարությունը 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ ՄԻԵԴ-ին տրված առարկություններում ասել է, որ մարտի 1-ին գրանցված մահվան դեպքերը «բացարձակ անհրաժեշտություն են եղել»:
Հիշեցնենք՝ երեկ Մարուքյանը, մատնանշելով մի փաստաթուղթ, հայտարարել էր, թե կառավարությունը Եվրոպական դատարան պատասխան է ուղարկել Մարտի 1-ի գործով, որի համաձայն, կյանքի իրավունքի հարց չի կարող առաջանալ, քանի որ ոստիկանության գործողությունները ամբողջությամբ օրինաչափ են եղել։ Պատգամավորն ասել էր, որ փաստաթղթի տակ ստորագրել է հենց Գ. Կոստանյանը, ինչը նշանակում է, որ պետությունը Կոստանյանի ստորագրությունով պատասխանել է, որ ոստիկանության գործողությունները եղել են իրավաչափ և կյանքի իրավունքը չի խախտվել, իսկ կիրառված ուժը եղել է «բացարձակապես անհրաժեշտ»։
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, սակայն, Գևորգ Կոստանյանը բացատրեց, որ ընդդիմադիրները նման հայտարարություններ են անում՝ հիմնվելով ՄԻԵԴ-ին կառավարության ներկայացրած 55 էջանոց փաստաթղթի առաջին և վերջին էջերի վրա, ինչը խնդիրներ է առաջացնում:
«Եվրոպական դատարանը, երբ գործը վարույթ է ընդունում, կողմերին տալիս է հարցեր, որոնց կողմերը պետք է պատասխանեն: Երբ կառավարությունը իր պատասխանը գրում է, առաջին էջում գրում է, որ Եվրոպական դատարանի կողմից կառավարությանը տրվել են հետևյալ հարցերը և շարադրում է հարցերը: Եթե դուք կարդաք այդ փաստաթուղթը և ոչ թե միայն լուսանկերեք և հրապարակեք, կտեսնեք, որ Եվրոպական դատարանը հարց է տալիս՝ արդյոք ոստիկանության կողմից կիրառված ուժը եղել է բացարձակ անհրաժեշտ և առաջացրե՞լ է մարդու կյանքի իրավունքի խախտում, թե ոչ: Սա Եվրոպական դատարանի հարցադրումն է, ոչ թե կառավարությունն է այդպես ասում: Ընդ որում, «բացարձակ անհրաժեշտ»-ը չակերտների մեջ է գրված, որովհետև դա կոնվենցիայի կանոն է, որ ֆիզիկական ուժը կամ զենքի կիրառումը, որը պետական ծառայողի կողմից կիրառվում է քաղաքացու նկատմամբ, պետք է լինի համաչափ, իրավաչափ և «բացարձակ անհրաժեշտ»: «Բացարձակ անհրաժեշտ»-ը նշանակում է՝ արդյոք ոստիկանը այլ ելք չի ունեցել, դրա համար է ուժ կիրառել: Պատահական չէ, որ հենց Եվրոպական դատարանն է չակերտների մեջ վերցնում այդ բառակապակցությունը», - ներկայացրեց Կոստանյանը:
ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի խոսքով՝ տվյալ դեպքում բացարձակ անհրաժեշտությունը վերաբերվում է ուժի կիրառմանը, ոչ թե մահվան դեպքերին:
«Հարցադրումների մեջ Եվրոպական դատարանը կառավարությանը խնդրում է մանրամասն ներկայացնել, թե մահվան յուրաքանչյուր դեպքով ինչ է կատարվել և ինչ է կատարվում: Կառավարությունը 55 էջանոց առարկության մեջ առանձին-առանձին մահվան բոլոր դեպքերին անդրադարձել է և փաստել է, որ մահվան դեպքերով քննությունը շարունակվում է: Կառավարությունը իր ներկայացրած առարկությունների 55 էջում նշում է և հիմնավորում, որ ոստիկանության կողմից կիրառված ուժը բացարձակ անհրաժեշտ է եղել, որովհետև դա ուղղված էր հասարակական կարգի պահպանությանը», - ասաց Գևորգ Կոստանյանը՝ ընդգծելով, որ կառավարությունը փաստել է նաև, որ ոստիկանության կողմից ուժի կիրառումը եղել է բացարձակ անհրաժեշտ և չի առաջացրել կյանքի իրավունքի խախտում:
Մանրամասները՝ տեսանյութում: