21/03/2018 17:44
Վատիկանի այգիներում այսօր ավարտվել են Նարեկացու արձանի տեղադրման աշխատանքները
Վատիկանի այգիներում Նարեկացու արձանի տեղադրման աշխատանքներն այսօր ավարտվել են, ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը:
Դեսպանը հիշեցրել է, որ 2016 թվականի հունիսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը Սրբազան Քահանայապետին նվիրել է Գրիգոր Նարեկացու արձանի մանրակերտը՝ որպես առաջին քրիստոնյա երկիր Պապի ուխտագնացության խորհրդանիշ: Արձանը Սրբազան Քահանայապետին նվիրելիս նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ դրա մեծ տարբերակն ապագայում կտեղադրվի Վատիկանում: Պապը հավանել է արձանն ու շնորհակալություն հայտնել նախագահին՝ տալով իր համաձայնությունը:
«Կարճ ժամանակ անց ստեղծագործական թիմը՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ, Նարեկացու արձանի հեղինակ Դավիթ Երևանցու գլխավորությամբ գործի անցավ: Ճարտարապետ Միքայել Հասրաթյանը և ծրագրի ղեկավար Վարդան Կարապետյանն ակտիվորեն ներգրավվեցին արձանի ստեղծման աշխատանքներում, իսկ ընկերս՝ Արթուր Ջանիբեկյանը, ով, ի դեպ, աշխարհում Նարեկի տարածման իսկական նվիրյալ է, միացավ ինձ` դառնալով արձանի երկրորդ բարերարը:
Ստեղծագործական խմբի քրտնաջան աշխատանքի արդյունքում Չեխիայում ձուլվեց Գրիգոր Նարեկացու 2 մետրանոց բրոնզե արձանը, որի տեղադրման աշխատանքները Վատիկանի այգիներում այսօր ավարտվեցին», - գրել է դեսպանը: