21/03/2018 20:08
Նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանն էլ ավելի կամրապնդի հայ-սիրիական բարեկամությունը. Սիրիայում ՀՀ դեսպան
Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը մարտի 20-ին ընդունել է ՍԱՀ Ժողովրդական Ժողովի Հայաստան-Սիրիա խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին՝ նախագաh Նորա Արիսյանի գլխավորությամբ, և ՍԱՀ ԺԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Բուտրոս Մրջանիին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Փոլադյանը սիրիացի պատգամավորներին ներկայացրել է նոր սահմանադրության համաձայն ՀՀ քաղաքական համակարգում սպասվող բարեփոխումները և երկրի բարձրաստիճան ղեկավարության լիազորությունները: Դեսպանը հյուրերին համառոտ ներկայացրել է նաև ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին, որպես քաղաքական գործիչ, դիվանագետ և մտավորական՝ վստահեցնելով, որ նոր նախագահի պաշտոնավարումը էլ ավելի կամրապնդի հայ-սիրիական բարեկամությունը:
Այնուհետ դեսպան Փոլադյանն անդրադարձել է հայ-սիրիական հարաբերություններին՝ նշելով, որ Սիրիան առանձնահատուկ դեր ու նշանակություն ունի հայ ժողովրդի պատմության մեջ, և հայ ազգը մշտապես երախտագիտությամբ է հիշում այն մարդասիրական վերաբերմունքը, որը սիրիացի ժողովուրդը ցուցաբերեց Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայորդիներին:
Հանդիպմանը քննարկվել են նաև տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: