21/03/2018 13:44
Երիտասարդ առաջնորդների մասին Սերժ Սարգսյանի խոսքը վերաբերում էր բոլորին, այդ թվում Փաշինյանին, Մարուքյանին ու Զեյնալյանին
Խոսելով երիտասարդ առաջնորդներ կրթելու իր գործառույթի մասին` նախագահ Սերժ Սարգսյանը նկատի ուներ բոլոր երիտասարդներին` անկախ նրանց քաղաքական կողմնորոշումից, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:
«Երկրի նախագահը բոլորի նախագահն է: Երկրի նախագահը բոլոր երիտասարդների ներուժը օգտագործելու և երկրի բարօրությանը ուղղելու տեսակետից, քաղաքական պատկանելիություն կամ կողմնորոշման տարբերություններ չի դնում», - ասաց Գևորգ Կոստանյանը:
Նա ընդգծեց` Սերժ Սարգսյանի խոսքը վերաբերում էր բոլորին, նույնիսկ` ընդդիմությանը:
«Այո, ես կարծում եմ` դա նշանակում էր, որ այդ թվում մեր հարգարժան գործընկեր Նիկոլ Փաշինյանը, մեր հարգարժան գործընկեր Էդմոն Մարուքյանը, Զեյնալյան Արտակը և բոլորը` թեկուզ, քաղաքական ընդդիմություն հանդիսացող, բայց երկրի բարօրության համար պայքարող, երկրին նվիրված հայրենասեր տղաները և աղջիկները, կանայք, օգտագործվելու են և նրանց ներուժը կիրառվելու է երկրի բարօրության զարգացման համար», - ասաց Գևորգ Կոստանյանը, նշելով` «Սրանով Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ բոլորի նախագահն է»:
Լրագրողը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է հենց Սերժ Սարգսյանը իր վրա վերցնում երիտասարդ առաջնորդներ պատրաստելու գործը, Կոստանյանը պատասխանեց.
«Երկրի նախագահը, երկրի առաջնորդը չափազանց կարևոր գործառույթ ունի՝ բացի երկիրը կառավարելուց ապահովել երիտասարդ սերնդի դաստիարակությունը և երկրի արդյունավետ ղեկավարման շարունակականություն: Բա էլ ո՞վ պետք է նման կոչ աներ: Էլ ո՞վ պետք է ասեր, որ իր առջև խնդիր չի դնում միայն Հանրապետական կուսակցության լիդերներին գործածել երկրի կառավարման մեջ: Նախագահը փաստեց, որ բոլորի նախագահն է և յուրաքանչյուրի ներուժը երկրի բարօրության համար օգտագործելու է: Իհարկե, հենց Սերժ Սարգսյանը պետք է հայտարարեր, որովհետև չէր կարող մեկ ուրիշը դա հայտարարել և անել, իսկ նա կարող է»: