21/03/2018 16:39
Երևանում պատրաստվել է աշխարհի ամենաերկար գաթան
Այսօր տեղի ունեցավ աշխարհի ամենաերկար գաթայի համտես-հյուրասիրությունը:
4000 սմ երկարություն և 40 սմ լայնություն ունեցող աշխարհի ամենաերկար գաթան ներկայացված էր Տերյան 91 հասցեում՝ «Պանդոկ Երևանի» Տերյան մասնաճյուղի դիմացի հատվածի ողջ երկայնքով: Այն կշռում էր 240կգ, որը համարժեք է 300 սովորական գաթայի քաշին:
Աշխարհի ամենաերկար գաթան պատրաստվել է «Պանդոկ Երևան»-ի կողմից:
Այս իրադարձությունն իր շուրջն էր համախմբել շուրջ 300 երևանցիների, քաղաքի հյուրերի և զբոսաշրջիների, ովքեր մեծ ոգևորությամբ համտեսեցին և գնահատեցին յուրահատուկ բաղադրատոմսով պատրաստված աշխարհի ամենաերկար գաթան:
«Մեր գործունեության առաջին իսկ օրվանից նպատակ ենք ունեցել պահպանել ու զարգացնել հայկական ազգային խոհանոցը, խոհարարական մշակույթը և վարպետության ավանդույթները: Այս նախաձեռնությամբ ցանկացել ենք երևանցիների, քաղաքի հյուրերի և զբոսաշրջիկների համար ստեղծել յուրօրինակ միջոցառում և ճանաչելի դարձնել հայկական խոհանոցի ամենատարածված ու ծիսական աղանդերը՝ գաթան: Եթե նկատեցիք, գաթան պատրաստաված էր յուրահատուկ բաղադրատոմսով. մեր սկզբունքներից է ավանդականը միշտ մատուցել նորովի», - ներկայացնելով նախաձեռնության նպատակները՝ ասաց «Երեմյան Փրոջեքթս»-ի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի ղեկավար Անահիտ Գևորգյանը:
Անահիտ Գևորգյանը նշեց նաև, որ հայկական ազգային խոհանոցի ոչ նյութական մշակութային ժառանգությունից ընտրել են գաթան, քանի որ ըստ ավանդույթի այն պատրաստվել է տոնական առիթներով և հյուրասիրության նպատակով, իսկ օրը տոնական է, քանի որ «Պանդոկ Երևանի» Տերյան մասնաճյուղը նշում է իր 4-ամյակը:
Խոսելով գաթայի պատրաստման գործընթացի մասին՝ «Երեմյան Փրոջեքթս»-ի շեֆ-հրուշակագործ Անահիտ Միքայելյանը նշեց, որ նախապատրաստական աշխատանքները տևել են մեկ շաբաթ, իսկ գաթան թխվել է 2 օրում: Այն պատրաստելու համար պահանջվել է 55կգ ալյուր, 20կգ շաքարավազ, 75կգ կարագ, 25կգ նուշ, 300 ձու և 30կգ հայկական չիր:
Գաթան հայ ավանդական խոհանոցում առավել տարածված ու սիրված աղանդներից է: Հնուց ի վեր այն զարդարում է տոնական գրեթե բոլոր սեղաններն ու հաջողություն և երջանկություն խորհրդանշում: Գաթան պատրաստում էին առավելապես տոնական կամ ծիսական առիթներով` Նոր տարի, Բարեկենդան, Տերնդեզ, հարսանեկան ծիսակատարությունների, հյուրասիրությունների, տոնական այցելությունների դեպքում: Տարբեր շրջաններում ընդունված էին գաթայի պատրաստման տարբեր եղանակներ` կլոր, եռանկյունի, քառակուսի, լուսնաձև, իսկ չափերը կարող էին լինել տարբեր՝ մեծ կամ փոքր: