22/03/2018 22:17
Ինչու Բաղմանյանը. Շարմազանովը խորհուրդ է տալիս չմեկնաբանել Սերժ Սարգսյանի որոշումները
Ես երբեք ՀՀ նախագահ, երկրի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի որոշումներն ու հրամանագրերը չեմ մեկնաբանել, և որևէ պետական պաշտոնյա, որևէ կուսակցական գործիչ իրավունք չունի մեկնաբանել գերագույն գլխավոր հրամանատարի որոշումները, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք տարօրինակ չէր նախագահի կողմից Հայկազ Բաղմանյանին ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնում նշանակելը այն դեպքում, երբ նա ԶՈՒ շտաբի պետի տեղակալի պաշտոնից հեռացվեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հորդորով:
Շարմազանովը հավելեց, որ մինչ այս պահը գործող Սահմանադրությամբ գերագույն գլխավոր հրամանատարի մենաշնորհն է՝ ում առաջադրել, ում նշանակել համապատասխան պաշտոնի:
«Սա Էդուարդ Շարմազանով քաղաքական գործչի լիազորությունների մեջ չի մտնում։ Ես ոչ իրավունք, ոչ էլ բարոյական իրավունք չունեմ, որ մեկնաբանեմ երկրի նախագահի ու գերագույն գլխավոր հրամանատարի որոշումները և նույնը խորհուրդ կտամ բոլոր պաշտոնյաներին», - ասաց նա: