22/03/2018 12:53
Եթե այս տեմպով շարունակվի, ստիպված կլինենք դիմել Ազգային ժողով՝ Սևանից հավելյալ ջրառ իրականացնելու թույլտվության համար. Արսեն Հարությունյան
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը երեքշաբթի վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ ներկայացրել է, թե ինչ աշխատանքներ են իրականացվել գարնանը նախապատրաստվելու համար, կառավարության նիստից հետո ճեպազրույցում տեղեկացրեց ինքը՝ Արսեն Հարությունյանը։
«Ներկայացվեց ջրամբարների լցվածության վերաբերյալ տեղեկատվություն, թե ինչ աշխատանքներ պետք է արվեն, որպեսզի կարողանանք փոքր-ինչ մեղմել ջրամբարների լցվածությունը», - ասաց Արսեն Հարությունյանը։
Նա նշեց նաև, որ վարչապետին ներկայացրել է նաև նոր խորքային հորերի հորատման, վերականգնման, շարժական պոմպերի տեղեկայման, ջրանցքների վերականգնման ու մաքրման մասին աշխատանքների ընթացքը։
Վարչապետը, հիշեցնենք, կառավարության այսօրվա նիստում հանձնարարեց սեղմ ժամկետներում ավարտին հասցնել այդ աշխատանքները:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի խոսքով՝ այսօրվա դրությամբ ջրամբարները լցված են 39 տոկոսով։
Նա նշեց, որ ջրամբարների լցվածությունը 2017 թվականին եղել է 47.3 տոկոս, 2016-ին՝ 58 տոկոս.
«Այսինքն՝ 19 տոկոսով ավելի պակաս ջուր կա, քան ցանկալի էր, որ լիներ: Մտահոգություն ունենք, դրա համար էլ միջոցներ ենք ձեռնարկում, որ ոռոգման սեզոնին մտահոգությունները հնարավորինս փարատենք»:
Արսեն Հարությունյանն ասաց, որ եթե այս տեմպով շարունակվի, ստիպված կլինեն դիմել Ազգային ժողով՝ Սևանից հավելյալ ջրառ իրականացնելու թույլտվության համար: