22/03/2018 12:00
Վիզաների ազատականացման հարցում իրավասությունը լիազորված չէ ԵՄ-ին. ամեն պետություն կարող է խոչընդոտել. Շավարշ Քոչարյան
Վիզաների ազատականացումը անընդհատ գործընթաց է և այնպես չէ, որ սպասում են կոնկրետ մի պահի այդ գործընթացը սկսելու համար, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Այստեղ առանձին երկրների հետ աշխատելու խնդիր կա: Սա այն դեպքն է, երբ այդ իրավասությունը լիազորված չէ ԵՄ-ին, ամեն պետություն կարող է խոչընդոտել: Այդ տեսակետից կարևոր է բոլորի հետ աշխատել», - նշեց փոխնախարարը:
Նա ընդգծեց, որ եվրոպական երկրներում վիզաների ազատականացման վերաբերյալ մտավախությունը պայմանավորված է եվրոպայում ձևավորված իրավիճակով, մասնավորապես, միգրանտների հոսքով, ինչի պատճառով Եվրոպան զգուշավոր է և շահագրգիռ, որպեսզի ազատականացումը չբերի չարաշահումների:
«Ամեն դեպքում, մենք դա խոչընդոտ չենք համարում և աշխատում ենք այդ ուղղությամբ», - նշեց Քոչարյանը:
Ինչ վերաբերում է ԵՄ պայմանագրի ուժի մեջ մտնելու համար ԵՄ անդամ պետությունների կողմից այն վավերացնելուն, ապա Քոչարյանը բացառեց, որ որևէ անդամ պետություն չի ստորագրի համաձայնագիրը՝ նշելով, որ եթե որևէ մեկի մոտ կասկած լիներ, ապա ԵՄ-ն չէր ստորագրի այն: