22/03/2018 11:46
Մի քանի երկիր կա, որոնց հետ վիզային ռեժիմը թուլացնելը որևէ վտանգ չի առաջացնի, բայց ուշացնում ենք. Կարեն Կարապետյան
Այսօրվա Կառավարության նիստում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ Եվրամիությունից ՀՀ-ն ստացել է ծանուցում առ այն, որ 2017թ. նոյեմբերին ստորագրված համաձայնագրի որոշ դրույթներ արդեն կարող են ուժի մեջ մտնել:
Այս համատեքստում վարչապետը փոխարտգործնախարարից հետաքրքրվեց` արդյոք արտգործնախարարությունն առանձնացրել է այն երկրների ցանկը, որոնց հետ հնարավոր է թուլացնել վիզային ռեժիմը:
Կարեն Կարապետյանը հարց ուղղեց` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանին` արդյոք կոմիտեն, ելնելով իր գործունեության բնույթից, ներկայացրել է ԱԳՆ այն երկրների ցանկը, որոնց հետ իրենք կցանկանային ավելի դյուրին վիզային ռեժիմ ունենալ:
«Մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք ԱԳՆ-ի հետ: Եվ ամեն ամիս կամ տարի տալիս ենք այն երկրների ցանկը, որոնց հետ ուզում ենք հեշտացնել վիզային ռեժիմը»,- ասաց Զարմինե Զեյթունցյանը:
Նրա խոսքերը հաստատեց նաև Շավարշ Քոչարյանը` նշելով, որ աշխատանքները տարվում են:
«Մի քանի երկիր կա, որոնց հետ վիզային ռեժիմը թուլացնելը որևէ վտանգ կամ խնդիր չի առաջացնի, բայց ուշացնում ենք», - ամփոփեց վարչապետը: