23/03/2018 11:25
Վահրամ Բաղդասարյանն առաջարկեց աշխատել առանց ընդմիջման. Ընդդիմությունն ըմբոստացավ
ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց բանավեճով։
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը քվեարկության դրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի առաջարկով առանց ընդմիջման աշխատելու հարցը, մինչդեռ ընդդիմադիր խմբակցությունները դեմ էին։
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը բողոքեց ԱԺ աշխատանքների կազմակերպման ձևից՝ հայտարարելով, որ 35 օրենքից բաղկացած փաթեթը մեկ ժամային քննարկման է դրվում, իսկ արտահերթները առաց ընդմիջման հնարավորություն չեն տալիս քննարկել, թե ինչ առաջարկություններ են արվել նախագծերում կամ իրենց արված առաջարկներից որոնք են ընդունվել, որոնք՝ ոչ։
«Այս ընթացակարգով չենք հասցնում հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել նախագծերում։ Մենք դեմ ենք այս ընթացակարգին», - նշեց նա։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը համաձայնեց Փաշինյանի հետ՝ հայտարարելով, իրենք ևս դեմ են առանց ընդմիջման աշխատելու ռեժիմին։
«Մեր աշխատատեղն այստեղ է, և եթե ինչ-որ մեկը շտապում է, կարող է գնալ։ Մենք գտնում ենք, որ ընդմիջման ռեժիմները պետք է պահպանել և աշխատել մինչև օրակարգի սպառելը։ Որևէ հապճեպության խնդիր չենք տեսնում, ուստի մենք ևս դեմ ենք, որ ընդմիջումը հանվի», - նշեց Զոհրաբյանը։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը շարունակեց պնդել, որ պետք է աշխատել առանց ընդմիջման ռեժիմի՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում իրենք կարող են երկարացնել աշխատանքը և հավելյալ նիստ գումարել։
Ընդդիմադիրների բողոքը չընդունվեց։ Բաբլոյանը հայտարարեց, որ խորհրդարանը կաշխատի առանց ընդմիջման, իսկ հարցերի քննարկումից անմիջապես հետո դրանք կդրվեն քննարկման։