23/03/2018 13:21
Պաշտպանները կարող են դիմել վերաքննիչ դատարան և մինչև վերջ շարունակել. Աղվան Վարդանյանը՝ Ժիրայր Սեֆիլյանի դատավճռի մասին
Դատարանների որոշումները չեմ մեկնաբանում, կան ընթացակարգեր, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի դատավճռին։
Դիտարկմանը, թե արդյոք դատարանի որոշումը քաղաքական հետապնդման հետևանք չէ, Վարդանյանն ասաց.
«Պաշտպաններն իրավունք ունեն կարող են դիմել վերաքննիչ դատարան և մինչև վերջ շարունակել»։
Դիտարկմանը, թե Սեֆիլյանը պատերազմի մասնակից է, Վարդանյանն ասաց, որ որևէ մեկը չի ժխտում Սեֆիլյանի մասնակցությունը պատերազմին. «Մարդը կյանքի տարբեր փուլեր է ունենում ու դրանցում տարբեր դրսևորումներ կարող է ունենալ»։
Հարցին՝ անկախության տարիներին ՀՀ-ում քաղբանտարկյալներ եղել են, Աղվան Վարդանյանը նշեց, որ եղել են, մինչդեռ անուններ տալուց խուսափեց։
Հիշեցնենք, որ օրերս Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց Սեֆիլյանի և մյուսների գործով դատավճիռը:
Ըստ դրա՝ Ժիրայր Սեֆիլյանը մեղավոր ճանաչվեց ու գումարային դատապարտվեց 10 տարի 5 ամսվա ազատազրկման։