23/03/2018 16:08
Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 17.5 տոկոսով
Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ՝ նշված ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին հիմնականում նպաստել է արդյունաբերական արտադրանքի, գյուղատնտեսության համախառն արտադրանքի և շինարարության ծավալների աճը, գրում է «Արցախպրես»-ը։
Այսպես, ընթացիկ տարվա հունվարին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 84.1 տոկոսով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 39.2 տոկոսով, իսկ շինարարության ծավալների աճը կազմել է 23.5 տոկոս: Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 10 միլիարդ 814 միլիոն դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 1 միլիարդ 831 միլիոն դրամ, իսկ շինարարության ծավալները՝ 1 միլիարդ 130 միլիոն դրամ:
Ակնհայտ է, որ ընթացիկ տարվա տնտեսական ակտիվության աճի տեմպերի արագացումը Արցախում որոշիչ կլինի նաև տնտեսական աճի ընդհանուր ցուցանիշի հարցում, ինչը թույլ կտա խոսել երկրի տնտեսական զարգացման լուրջ հեռանկարների մասին: