23/03/2018 14:09
Երևանի ավագանու նիստերը լրագրողների համար կփակվեն, կլինի ուղիղ եթեր, ինչպես խորհրդարանում է
Կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագծի փաթեթը, որում ընդգրկված են բազմաթիվ օրինագծեր, Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունվեց ձայների մեծամասնությամբ՝ կողմ էր 63 պատգամավոր, դեմ՝ 26-ը։ Դեմ էին քվեարկել միայն «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները։
Կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագծի փաթեթը, որում ընդգրկված են բազմաթիվ օրինագծեր, Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունվեց ձայների մեծամասնությամբ։
Փաթեթի հիմնական զեկուցող Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց, որ կատարվել են ինչպես տեխնիկական, այնպես էլ՝ բովանդակային փոփոխություններ։
Բովանդակային փոփոխություններից Հարությունյանն առանձնացրեց Երևանի ավագանու նիստերի լուսաբանման ձևերին վերաբերող փոփոխությունը, որի համաձայն, ավագանու նիստերը այսուհետև կլուսաբանվեն այնպես, ինչպես՝ ԱԺ նիստերը։
«Ազգային ժողովի պարագայում դահլիճում աշխատանքը առավել արդյունավետ է. մեր աշխատանքը չեն խոչընդոտում լրագրողները։ Յուրաքանչյուրը պետք է կարողանա անարգել կատարել իր աշխատանքը։ Եվ այն, որ այս պահին ուղիղ հեռարձակում է իրականացվում կից սրահում և լրագրողները կարող են ոչ միայն տեսնել, այլև ձայնագրել այս նիստի ընթացքը, կարծում եմ, իրենց շատ ավելի լայն հնարավորություն է տալիս պատշաճ կատարել աշխատանքը։ Մենք իրենց չենք խանգարում, իրենք՝ մեզ։ Նույն դրույթը ամրագրվում է Երևանի ավագանու նիստերի լուսաբանման պարագայում», - հայտարարեց Հարությունյանը։
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատեց, որ կառավարության կողմից մեծ փաթեթում օրենքի նախագծեր են բերվում, որ պատգամավորները չկարողանան հասցնեն կարդալ ու կարծիքներ ներկայացնել։
«Դա անընդունելի է և որևէ կապ չունի կառավարության կառուցվածքի հետ ու կապված է Երևանի ավագանու նիստում տեղի ունեցածի հետ», - նկատեց Մարուքյանը՝ ընդգծելով, որ լրագրողների իրավունքներն են սահմանափակվում ներկայացված փաթեթով։
Անդրադառնալով լրագրողների իրավունքների սահմանափակմանը վերաբերելու մասին պատգամավորի դիտարկմանը՝ Դավիթ Հարությունյանն ասաց, որ ինքն այդ կարծիքին չէ ու, դիմելով պատգամավորին, ասաց. «Եթե դուք կարծում եք, որ նրանց աշխատանքը սահմանափակված է, առնվազն բերեք մի փաստ, թե ինչու են նրանք զրկված պատշաճ ձևով, ազատ լուսաբանելու Ազգային ժողովի աշխատանքը։ Այն, ինչ առաջարկվում է այս նախագծով, կրկնում է Ազգային ժողովի մոդելը, որևէ մեկ միլիմետր նահանջ չկա։ Ընդամենն առաջարկում ենք նույն մոդելը կիրառել Երևանի ավագանու պարագայում»։
Նկատենք, որ Երևանի ավագանու լուսաբանմանը վերաբերող փոփոխությունը, որը կատարվեց Երևանի և տեղական ինքնակառավարման մասին օրենքում, կառավարության կողմից բերվել է վերջին պահին՝ այսինքն՝ երկրորդ ընթերցման ռեժիմով։
Պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատեց, որ ճիշտ է ԱԺ կանոնակարգ օրենքը թույլ է տալիս երկրորդ ընթերցմամբ նոր օրենքում փոփոխություն բերել խորհրդարան, բայց նման մոտեցումն անընդունելի է ու առաջարկեց փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում։ ԱԺ նիստը վարող ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը խոստացավ քննարկել առաջարկությունը։