23/03/2018 19:33
Զարուհի Փոստանջյանը Երևանի ավագանիում տեղի ունեցածի վերաբերյալ հետաքննիչի որոշման դեմ բոողք է ներկայացրել
«Երկիր Ծիրանի» կուսակցության և Երևանի ավագանիում համանուն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը.
«Համաձայն 16 փետրվարի 2018 թվականի ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Ոսկանյանի որոշման՝ 2017 թվականի փետրվարի 13-ին հաղորդում, այնուհետև նաև բացատրություն է տրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Վլադիմիրի Մակարյանն այն մասին, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արգիշտի 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի 5-րդ հարկում՝ նիստերի դահլիճում, «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանը, Սոնա Աղեկյանը և Մարինա Խաչատրյանն իրենց հետ նիստերի դահլիճ են տարել անհայտ ծագման նյութով լցված տարաներ, իսկ նրանցից մեկը, ձեռքում պահած տարան, քայլել է դեպի ամբիոն, սակայն ներկաների միջամտության արդյունքում տարան նետել է գետնին և դրանում առկա նյութը թափվել է հատակին, ինչի արդյունքում խախտվել է նիստի բնականոն ընթացքը և բացահայտ անհարգալից վերաբերմունք է արտահայտվել նիստի մասնակիցների նկատմամբ:
Նույնաբովանդակ բացատրություններ են տվել նաև Երևան քաղաքի ավագանու անդամներ՝ Նաիրա Միհրանի Նահապետյանն ու Աստղիկ Արմենի Գևորգյանը:
Այսպիսով, հետաքննություն իրականացնող մարմինը եկել է այն համոզման, որ Սերգեյ Մակարյանի կողմից ներկայացված հաղորդման բովանդակության և դրանում հանցագործության հատկանիշների մասին բավարար տվյալների առկայության հարցի ստուգմամբ՝ պարզել է, որ առերևույթ առկա են հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելու միջոցով հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու և ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքի խախտման հատկանիշներ:
Գտնում եմ 16 փետրվարի 2018 թվականի ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Ոսկանյանի որոշումը անօրինական և անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի հարակից շենքերի բնակիչները 2018 թվականի փետրվարի 12-ին փակել էին դեպի քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհը: Բողոքի նման ակցիայի պատճառը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարիներ շարունակ վթարային իրավիճակում գտնվող կոյուղին էր, որի խցանված լինելու հետևանքով տարածքում գարշահոտություն էր և հակասանիտարական վիճակ: Նույն օրը դեպքի վայր էր եկել Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, և քաղաքացիների խնդրանքով վերջինս խնդիրը պետք է բարձրացներ Երևանի ավագանու նիստում:
2018 թվականի փետրվարի 13-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները ավագանու նիստին քաղաքացիների կողմից իրենց ուղղված բողոքը տեղ հասցնելու նպատակով կոյուղաջրով (տիղմով և հեղուկով) տարաներ էին բերել, որի պարունակությունը վերցրել էին Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հոսող կոյուղաջրերից:
2018 թվականի փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ընթացքում Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները կոյուղաջրերի տարաները ցուցադրելու ժամանակ ենթարկվել են հարձակման Երևանի ավագանու Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ) խմբակցության անդամների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների կողմից:
Երևանի ավագանու նիստում (ՀՀԿ) խմբակցության անդամների կողմից քրեորեն հետապնդելի արարքներ իրականացվել են ՀՀ քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածների հանցակազմերով ՝ ՀՀ քրեական օրենսգրքի Հոդված 131՝ Մարդուն առևանգելը, Հոդված 139` Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, Հոդված 143` Քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը, Հոդված 161` Կուսակցության գործունեությանը խոչընդոտելը, Հոդված 308` Պաշտոնական լիազորությունների չարաշահումը, Հոդված 309.1՝ Խոշտանգումը, Հոդված 316` Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի դրույթներով՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար տիկին Զարուհի Փոստանջյանը 13.02.2018 թվականին դիմել է իրավապահ մարմիններին՝ պահանջելով հարուցել քրեական գործ կատարված դեպքերի առնչությամբ, սակայն ի հակառակ այս ամենի, առկա փաստերի և ստեղծված իրադրության պայմաններում, խտրական վերաբերմունք ցուցաբերելով, վարույթն իրականացնող մարմինը մերժել է 13.02.2018 թվականի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-182-րդ հոդածների կարգով քրեական գործ հարուցելը (ցուցաբերել է անգործություն):
Հանդիսանալով Երևան քաղաքում իշխանության ներկայացուցիչներ՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանը, Մարինա Խաչատրյանը և Սոննա Աղեկյանը, որպես ավագանու անդամներ իրականացնելով իրենց ծառայողական պարտականությունները, փետրվարի 13-ին ներկայացրել են Երևանի բնակիչների խնդիրը ավագանու նիստի ժամանակ, որի ընթացքում, որպես իշխանության ներկայացուցիչներ, ենթարկվել են բռնության՝ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ:
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ) խմբակցության անդամների և Տարոն Մարգարյանի աշխատակազմի աշխատակիցների կողմից իրականացվող ապօրինի գործողությունները խախտել են «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների մի շարք հիմնարար իրավունքներ և ազատություններ, որոնց պաշտպանությունը պետք է լիապես երաշխավորվի Հայաստանի Հանրապետության կողմից, բացի այդ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ) խմբակցության անդամների և Տարոն Մարգարյանի աշխատակազմի աշխատակիցների գործողությունները հանգեցրել են քրեական հետապնդման վերը նշված մի շարք հոդվածների կանոններով:
Այսպիսով, հետաքննության մարմնի նման որոշումը չի բխում վերը նշված նորմերից, անհիմն է և ոչ օրինական: Եվ քաղաքապետարանում տեղի ունեցած 2018 թվականի փետրվարի 13-ի դեպքը սովարական երևույթ չէր և հետաքննության մարմինը առերևույթի փոխարեն պետք է վերջինիս այլ որակում տար:
Ուստի հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասով, պահանջում եմ՝ վերացնել քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու 16 փետրվար 2018 թվականի ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Ոսկանյանի որոշումը»: