23/03/2018 14:31
Կատալոնիայի խորհրդարանը չկարողացավ պատգամավոր Տուրուլին ընտրել տարածաշրջանի նոր ղեկավար
Կատալոնիայի խորհրդարանը հինգշաբթի չկարողացավ «Միասին հանուն Կատալոնիայի» խմբից պատգամավոր Ժորդի Տուրուլին հաստատել տարածաշրջանի նոր ղեկավարի պաշտոնում: Պալատում կայացած առաջին քվեարկության ընթացքում հավակնորդին անհրաժեշտ էր խորհրդարանականների բացարձակ մեծամասնության աջակցությունը, այսինքն՝ առնվազն 68 ձայն 135-ից, փոխանցում է ТАСС-ը:
Մինչդեռ միայն 64 պատգամավոր արտահայտվեց ի պաշտպանություն Տուրուլի: Այժմ երկու օրից խորհրդարանում վերստին կարող են անցկացվել քննարկումներ և քվեարկություն, սակայն այդ դեպքում հավակնորդին բավարար կլինի արդեն խորհրդարանականների պարզ մեծամասնության աջակցությունը:
Ուրբաթ Իսպանիայի Գերագույն դատարանը մեղադրական եզրակացություններ կհրապարակի «անջատողական գործընթացի» գործով անցնող քաղաքական գործիչների վերաբերյալ: Տուրուլը նույնպես նրանց թվում է, ում երկրի դատախազությունը մեղադրում է խռովության, ապստամբության և վատնումների համար:
Գերագույն դատարանը նաև պետք Է խափանման միջոց ընտրի կասկածյալների համար: Եթե դատարանը որոշի հետաքննության ընթացքում կալանքի տակ վերցնել պատգամավորին, ապա պարզ չէ՝ նա կկարողանա արդյոք ներկայանալ խորհրդարան՝ մասնակցելու իր թեկնածության շուրջ կրկնական քննարկումներին: