23/03/2018 12:00
Հանրաքվե նշանակելու մասին որոշումը կայացնելու է Հանրապետության նախագահը
Եթե Հայաստանում հանրաքվեի միջոցով օրենք է ընդունվում, ապա դրանում փոփոխություններ կարող են արվել օրենքի ընդունումից միայն մեկ տարի հետո, նման կարգավորում առաջարկում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի նախագծում կատարվող փոփոխությունները, որն այսօր երկրորդ անգամ քննարկվեց Ազգային ժողովում։
Օրինագծի հիմնական զեկուցող Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց, որ առաջին ընթերցումից հետո օրենքի նախագծում կատարվել են մի շարք փոփոխություններ։
Քաղաքացիական նախաձեռնությամբ, Հովհաննիսյանի խոսքով, հիսուն հազար քաղաքացի ստորագրությամբ դիմում է Ազգային ժողով՝ այս կամ այն օրենքն ընդունելու, և Ազգային ժողովը կա՛մ կարող է ընդունել, կա՛մ կարող է մերժել օրենքի ընդունումը։ Իսկ դրանից հետո 300 հազար քաղաքացի միանում է նախաձեռնությանը, և հարցը դրվում է հանրաքվեի։
«Նախագծում կարգավորված չէր այն հարցը, թե ինչ կլինի, եթե Ազգային ժողովը ցուցաբերի անգործություն, այսինքն՝ հիսուն հազար քաղաքացի դիմեց Ազգային ժողով, և խորհրդարանն էլ ոչ ընդունում է, ոչ մերժում է։ Այստեղ մենք, իրոք, ունեինք փակուղի, և մենք նախատեսեցինք որոշակի ժամանակահատված, որի ընթացաքում, եթե այդ օրենքը չընդունվի կամ մերժվի, ապա սահմանադրական օրենքի ուժով համարվելու է, որ այդ օրենքի ընդունումը մերժված է», - նշեց փոխնախարարը։
Հանրաքվե նշնակելու մասին որոշումը կայացնելու է Հանրապետության նախագահը, և եթե նախագահի կողմից հանրաքվե չի կայացվում, ապա իրավունքի ուժով համարվում է հանրաքվեն նշանակված։