23/03/2018 19:23
Պետրոս Մակեյանը առաջարկում է Ազատության հրապարակում Մարտի 1-ի գործով հրապարակային դատավարություն սկսել
Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ կայացված վճիռը ցույց է տալիս, որ իշխանությունները վախենում են Ժիրայրի տեսակից, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարեց «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Պետրոս Մակեյանը։
«Ինչո՞ւ այսպիսի վճիռ։ Հայաստանում արդարադատություն գոյություն չունի։ Հայաստանում գոյություն ունի վրեժխնդրություն։ Ժիրայրի, Գևորգի և մնացած տղաների նկատմամբ իրականացվել է վրեժխնդրության դատավճիռ», - հավելեց Մակեյանը։
Հիշեցնենք՝ Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վճռով դատապարտվել է 10.5 տարվա ազատազրկման։
Մակեյանը ներկայացրեց, թե ինչու են իշխանությունները վախենում Սեֆիլյանից՝ հիշեցնելով Ապրիլյան պատերազմից հետո 800 հա տարածք կորցնելու մասին Սեֆիլյանի հայտարարությունը, կորցրած տարածքը հետ վերցնելու համար թիմի հավաքագրումը։
«Ժիրայրենց գործը, «Սասնա ծռերի» ապստամբությունը, այնուհետև դրանից առաջ Նորք Մարաշի զինված խումբը, Շանթ Հարությունյանի և ընկերների գործը. այս բոլորը հետևանք են մարտի 1-ի։ Մարտի 1-ը եթե չլիներ, ապա այս ամենը չէր լինելու։ Փաստորեն, Մարտի 1-ի հանցագործները ազատ թրև են գալիս, պատվիրատուները իշխում են, բայց Արցախի համար պայքարող տղաները բանտերում են», - հայտարարեց Մակեյանը՝ ընդգծելով, որ իշխանությունները ցանկանում են «հանձնել հողերը», դրա համար էլ «Ժիրայրն ու իր նմանները պետք է մեկուսանան»։
Մակեյանը հայտարարեց, որ պատրաստվում են հենց Ազատության հրապարակում Մարտի 1-ի գործով հրապարակային դատավարություն սկսել և դրա համար խնդրելու են Փաստահավաք խմբի նախկին անդամներ Անդրանիկ Քոչարյանին ու Սեդա Սաֆարյանին ներկա լինել դատավարությանը և օգնել իրենց։
«Դատավարությունը կայանալու է այստեղ՝ հրապարակում, համայն հայության տեսադաշտում, սփյուռքի մասնակցությամբ։ Մինչև ապրիլի 9-ը պետք է կազմակերպենք այդ դատավարությունը՝ բոլոր ատրիբուտներով՝ դատավորով, փաստերի ներկայացմամբ։ Այդ վճիռը կլինի ժողովրդի վճիռը, որը իրավաբանորեն կիրականացվի առաջին լեգիտիմ իշխանության արդար դատարանի կողմից», -հայտարարեց Մակեյանը։