23/03/2018 17:37
Սուրեն Կարայանը Դամյեն Շիլզի հետ քննարկել է Հայաստանում իրականացվելիք ներդրումային միջավայրի բարեփոխումների նոր ծրագիրը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ֆինանսների, մրցունակության և նորարարության գլոբալ գործելակերպի ղեկավար Դամյեն Շիլզի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից:
Նախարար Սուրեն Կարայանն իր խոսքում նշել է․
«Մենք երկարատև և արդյունավետ համագործակցության փորձ ունենք Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ, մասնավորապես ՝ գործարար միջավայրի, ներդրումային միջավայրի և զբոսաշրջության ոլորտներում։ Մեր իրականացրած բարեփոխումների համատեքստում այս ոլորտներն առանցքային են»։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից Հայաստանում իրականացվելիք ներդրումային միջավայրի բարեփոխումների նոր ծրագիրը։
Կողմերն անդրադարձել են խորհրդատվական աջակցության ուղղություններին, օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցերին, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումներին և արտահանման խթանման հնարավորություններին։
Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի հետ քննարվել են ոլորտի բարեփոխումները։