23/03/2018 12:59
Ուժի մեջ է մտել ընտանեկան դրամագլուխն ամսական առավելագույնը 25 000 դրամի չափով այլ բանկային հաշվին փոխանցելու միջոցով տնօրինելու որոշումը
Մարտի 22-ին ուժի մեջ է մտել ընտանեկան դրամագլուխն ամսական առավելագույնը 25 000 դրամի չափով այլ բանկային հաշվին փոխանցելու միջոցով տնօրինելու որոշումը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ մինչև 2018 թվականի մայիսի 1-ը դիմելու դեպքում 25 000-ական դրամ այլ բանկային հաշվին հնարավոր է փոխանցել նաև 2018թ. հունվար, փետրվար և մարտ ամիսների համար, սակայն երեխայի մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից ոչ շուտ: Օրինակ` եթե երեխայի 1 տարին լրանում է 2018թ. փետրվարին, մինչև մայիսի 1-ը դիմելու դեպքում կարող է փոխանցում կատարվել նաև մարտ և ապրիլ ամսվա համար:
2018 թվականի մայիսի 1-ից հետո դիմելու դեպքում ընտանեկան դրամագլուխը պարբերական վճարումներ կատարելու միջոցով կարող է տնօրինվել դիմելու ամսվա 1-ից:
25 000 դրամը բանկային հաշվին փոխանցելու համար ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող ծնողը բանկին ներկայացնում է դիմում: Բանկը դիմումի հիման վրա ընտանեկան դրամագլխից գումարը փոխանցում է դիմողի կողմից ներկայացված բանկային հաշվին:
Ուշադրություն` այժմ արդեն բանկ ներկայացրած 1 դիմումով կարելի է բանկին տալ հանձնարարական` դիմելու ամսվան հաջորդող ամիսների համար ևս փոխանցում կատարելու համար: