23/03/2018 13:13
Առնվազն 13 մարդ է մահացել Վիետնամի բնակելի համալիրում բռնկած հրդեհից
Առնվազն 13 մարդ է մահացել, մոտ 30-ը՝ տուժել Վիետնամի Հոշիմին քաղաքի բազմահարկ բնակելի համալիրում բռնկած հրդեհից, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Associated Press լրատվական գործակալության:
Մարդկանց մեծ մասը մահացել է ծխախեղդ լինելուց, ոմանք լուսամուտներից ցած են թռել մեծ բարձրությունից:
Բնակելի համալիրը գտնվում է Հոշիմինի հարավում և ներառում Է 14-ից մինչև 20 հարկ բարձրությամբ երեք շենք, որոնցում գտնվում է ավելի քան 700 բնակարան:
Նշվում է, որ հրդեհն սկսվել է ստորգետնյա կայանատեղում վաղ առավոտյան, երբ բոլորը դեռ քնած են եղել: Տուժածներից շատերը հայտարարել են, որ չի գործել հրշեջ ազդանշանը, և իրենք այդ մասին իմացել են, միայն այն ժամանակ, երբ ծուխն ու կրակը հասել են մինչև իրենց բնակարաններ: Հրշեջներին մեկ ժամից ավելի է պահանջվել կրակի տարածումը կանգնեցնելու համար: