23/03/2018 15:04
Մետաղների ներմուծման ամերիկյան մաքսատուրքերն ուժի մեջ են մտել
ԱՄՆ-ն ուրբաթ սահմանել է պողպատաձուլական և ալյումինի արդյունաբերության արտադրանքի ներմուծման մաքսեր: Ցուցակից հանել են մի շարք երկրներ, որոնց վերաբերյալ վերջնական որոշում պետք է ընդունվի մինչև մայիսի 1-ը, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Սպիտակ տան տարածած փաստաթղթերին:
Տուրքերը սահմանվում են պողպատաձուլական և ալյումինի արդյունաբերության արտադրանքի նկատմամբ՝ համապատասխանաբար 25 տոկոսի և 10 տոկոսի չափով:
«Մաքսերը, որոնց մասին հայտարարել է (ԱՄՆ) նախագահ (Դոնալդ Թրամփը), ուժի մեջ են մտնում 2018 թվականի մարտի 23-ի ուրբաթ օրը 00:01-ին», - ասված է հայտարարության մեջ: Մաքսերը ժամանակավորապես (մինչև մայիսի 1-ը) չեն սահմանվի Ավստրալիայից, Արգենտինայից, Բրազիլիայից, Կանադայից, Մեքսիկայից, Կորեայի Հանրապետությունից, նաև Եվրամիության երկրներից ներմուծվող արտադրանքի համար:
Մինչ այդ ժամկետն ԱՄՆ-ի իշխանությունները կքննարկեն «ազգային անվտանգության սպառնալիքի վերացման ընդունելի երկարաժամկետ այլընտրական միջոցները»: Սպիտակ տունն ընդգծում է, որ մնացած երկրները, որոնց նկատմամբ սկսել են գործել մաքսատուրքերը, նույնպես կարող են Միացյալ Նահանգների հետ քննարկել ցուցակից իրենց հանելու հարցը: