23/03/2018 20:26
Ամփոփվել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի արդյունքները
Մարտի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի ամենամյա օպերատիվ հավաքի արդյունքները, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից։
Ամփոփիչ նիստին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը բարձր են գնահատել հնգօրյա հավաքին ներգրավված անձնակազմի կարողությունները մարտական գործողությունների պլանավորման, առաջադրված ուսումնական մարտական խնդիրների լուծման և որոշումների ընդունման առումով։
Ամփոփման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև զինված ուժերի ակտիվ պահեստազորի ինստիտուտի ձևավորման աշխատանքներին և առաջիկայում նախատեսվող միջոցառումներին, հանձնարարականներ տվել «Շանթ-2018» զորավարժության կազմակերպման ու անցկացման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։
Մարտի 19-ից 23-ն անցկացված զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթություններին, զինված ուժերի զարգացման միտումներին, քննարկել պաշտպանության նախարարության և ուժային այլ կառույցների միջև փոխգործակցության հարցերը, ինչպես նաև մասնագիտական հավաք-պարապմունքների միջոցով կատարելագործել սպաների գիտելիքներն ու ունակությունները ռազմավարության, օպերատիվ արվեստի, զորքերի կառավարման բնագավառներում, ձևավորել միասնական պատկերացումներ բանակի մարտունակության և պետության պաշտպանունակության շարունակական բարձրացման հարցերում:
Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հավաքին ներգրավված են եղել նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները: