24/03/2018 09:35
«Ժողովուրդ». Վիգեն Սարգսյանը՝ ԱԳ նախարար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ապրիլի 9-ից հետո ձևավորվելիք կառավարության կազմում ուշագրավ փոփոխություններ են սպասվում: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լքելու է պաշտոնը` փոխարենը դառնալով ՀՀ ԱԳ նախարար:
Ըստ մեր աղբյուրների` Վ. Սարգսյանի տեղափոխման հարցում լուրջ դեր է խաղացել ՊՆ բարձրաստիճան զինվորական անձնակազմի դժգոհությունը, որ նրանք պարբերաբար արտահայտել են Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներում»:
Այս կապակցությամբ թերթը մեկնաբանությունների համար դիմել է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանին:
Նա պատասխանել է. «Ինքս չեմ համարում, որ ես պաշտպանության նախարարության երրորդական, չորրոդական պաշտոնյա եմ, գոնե ինքս նման խոսակցության ականատես չեմ եղել: Շատ շատերը, այդ թվում ես, շատ մեծ ցանկություն ունենք, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շարունակի պաշտոնավարել: Իսկ ինչ վերաբերում է քաղաքական նշանակումներին, ապա լինելով քաղաքական գործիչ` Վիգեն Սարգսյանի որևէ այլ պաշտոնի նշանակման հետ կապված խնդիրը, ենթադրում եմ, հարցադրումը պետք է ուղղել ոչ թե ՊՆ-ին, այլ՝ ՀՀԿ-ին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: