24/03/2018 09:53
«Ժողովուրդ». ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը 20 մլն դրամի պարտք ունի «Դալմա» առևտրի կենտրոնին և ՊԵԿ-ին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, թե իր տեղեկություններով՝ ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Գարրի Զախարովի ընտանիքի հետ կապվող «Իդալգո» ՍՊԸ-ն վերջերս դիմել է դատարան՝ իրեն սնանկ ճանաչելու համար: Իսկ պատճառը «Դալմա» առևտրի կենտրոնի և ՊԵԿ-ի նկատմամբ կուտակած և մոտ 20 մլն դրամի հասնող պարտքն է եղել, որ «Իդալգո» ՍՊԸ-ն չի ցանկացել վճարել:
«Ընդ որում, իրեն սնանկ ճանաչելու հայցով դիմելիս «Իդալգո» ՍՊԸ-ն հրաժարվել է առողջացման ծրագիր ներկայացնել: Իսկ դատավոր Կարինե Պետրոսյանն էլ բավարարել է նրանց հայցը: Հատկանշական է, որ այս ամենի հետևանքով անելանելի վիճակում է հայտնվել «Դալմա ինվեստ» ՓԲԸ-ն, որը չի կարող ետ ստանալ 17.5 մլն դրամ պարտքը, որ «Իդալգո» ՍՊԸ-ն կուտակել է տաղավարների վարձակալության հետևանքով:
Զախարովից մեկնաբանություններ ստանալու մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն, «Իդալգո» ընկերության սնանկության գործով փաստաբան Միքայել Ավետիսյանը նշել է, թե 1 մլն դրամը գերազանցող պարտքի դեպքում ընկերությունը կարող է կամավոր դիմել դատարան՝ սնանկ ճանաչվելու խնդրանքով», - գրում է թերթը: