27/03/2018 15:04
Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց, Կոնվենցիայի ընդունումից 70 տարի հետո դեռ շարունակվում են հանցագործությունները մարդկության դեմ. Նալբանդյան
Շատ խորհրդանշական է, որ մեր ժողովուրդը, որը վերապրել է ցեղասպանությունը, բնաջնջման վտանգը և վերածնվելով միջազգային հանրության կարծիքով այսօր առաջամարտիկ է դարձել համաշխարհային ջանքերում՝ ուղղված նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը, Լյուքսեմբուրգի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն՝ անդրադառնալով անցյալ շաբաթվա վերջին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունված Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևին։
«Այս տարի մեր նախաձեռնությունը կապված է Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի 70-ամյակի հետ, որն ընդունվել էր 1948թ. դեկտեմբերի 9-ին: Գիտեք, որ Ռաֆայել Լեմկինն է այդ կոնվենցիայի հեղինակներից մեկը։ Նա 1944 թվականին դեռ շրջանառության մեջ մտցրեց «ցեղասպանություն» եզրույթը՝ հղում կատարելով Հայոց ցեղասպանությանը», - ասաց նա։
Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ պատահական չէ, որ այդ հոբելյանի շրջանակներում, այս տարի դեկտեմբերի 9-ին` Կոնվենցիայի ընդունման օրը, ի շարունակություն Ժնևում` Մարդու իրավունքների խորհրդում ընդունված այս նոր բանաձևի անցկացվելու է Հայաստանում Գլոբալ ֆորում` նվիրված ցեղասպանությունների կանխարգելմանը:
«Ժնևում ընդունված այս վերջին բանաձևը վերահաստատում է Կոնվենցիայի դրույթները, ինչը շատ կարևոր է կանխարգելման տեսանկյունից։ Ընդգծում է, որ անպատժելիությունը և ժխտողականությունը խոչընդոտներ են հանդիսանում կանխարգելման գործում», - ասաց նա։
ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրեց, որ 2015թ. Հայաստանը նույնպես նախաձեռնել էր ցեղասպանության կանխարգելմանը նվիրված բանաձև, որն ընդունվեց Ժնևում:
«Այս համատեքստում ես կցանկանայի հատուկ շնորհակալություն հայտնել Լյուքսեմբուրգի արտգործնախարարին, իմ գործընկերոջը այն աջակցության համար, որ ցուցաբերեց Լյուքսեմբուրգը այս բանաձևերի ընդունման գործում: Այս անգամ էլ, ինչպես 2015թ., Լյուքսեմբուրգը համահեղինակեց բանաձևը։ Այսօրվա դրությամբ արդեն 56 երկիր է միացել Հայաստանին՝ որպես համահեղինակ, և բանաձևն անցել է կոնսենսուսով: Այն դեռ բաց է այլ երկրների կողմից որպես համահեղինակներ միանալու համար: Կարծում եմ մի շարք երկրներ գալիք օրերին ևս կմիանան դրան», - նշեց Է. Նալբանդյանը։
Հայաստանի ԱԳ նախարարը հիշեցրեց նաև, որ Հայաստանի նախաձեռնությամբ 2015թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց բանաձև, որով Կոնվենցիայի ընդունման օրը՝ դեկտեմբերի 9-ը, հռչակվեց որպես ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների զոհերի հիշատակի օր: