30/03/2018 13:51
ԵՄ-ի հետ համաձայնագրի շրջանակում մեր հանձնառությունների իրականացումը կբերի տնտեսության ազատականացման. Սերգեյ Բագրատյան
Ապրիլին նախատեսվում է վավերացնել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Ամենայն հավանականությամբ համաձայնագրի վավերացման հարցը խորհրդարանը կքննարկի ապրիլի 10-ին մեկնարկող ԱԺ քառօրյա նիստում: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խոսել է համաձայնագրից եղած սպասելիքներից:
-Պարոն Բագրատյան, ակնկալվում է, որ մոտ ժամանակներս ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի որոշ դրույթներ արդեն կմտնեն ուժի մեջ, կարո՞ղ ենք ենթադրել, որ դրանց շրջանակում Հայաստանի տնտեսական աճի համար նախադրյալներ կստեղծվեն:
-Առավել քան համոզված եմ, որ եթե մենք ԵՄ-ի հետ համաձայնագրի շրջանակներում կարողանանք մեր հանձնառություններն իրականացնել, այն անպայման բերելու է տնտեսության ազատականացման:
-Օրերս Կոնստանտին Զատուլինը հայտարարեց, որ ՌԴ-ն նորմալ է վերաբերում, որ ՀՀ-ն համաձայանգիր է ստորագրել ԵՄ-ի հետ և շարունակում է ՀՀ-ին որպես ԵԱՏՄ երկիր ընկալել: Հաշվի առնելով, որ ՌԴ-ի հարաբերությունները ԵՄ-ի հետ լարված են՝ չկա՞ վտանգ, որ որևէ պահի ԵՄ–ի հետ համաձայնագրի դրույթների կյանքի կոչումը կախված կլինի Ռուսաստանի կամքից:
-Խնդիրն այն է, որ եթե մենք ՌԴ-ին ընդունում ենք որպես ռազմավարական գործընկեր, դա ամենևին չի խանգարում, որ մեր քաղաքակրթական հարաբերությունները տեսնենք եվրոպայի մշակութային արժեհամակարգի մեջ: Չպետք է մոռանանք այն հանգամանքը, որ տարածաշրջանում ավելի շուտ ասիական մտածողության խորքերում ենք գտնվում, քան եվրոպականում, բայց եվրոպական զարգացման կարևորությունը երբևէ չենք թուլացրել, այլ հարց է, որ, ելնելով աշխարհաքաղաքական զարգացումներիցից, հաճախ ստիպված ենք եղել քաղաքական որոշակի փոխզիջումների ընթացքով գնալ: Բայց դա որևէ մեկին առիթ չի տալու խանգարել կամ նսեմացնել մեր կարևորագույն փոխհարաբերությունները Եվրոմիության հետ: Մենք պետք է փորձենք տեղայնացնել եվրոպական արժեհամակարգը կառավարման մշակույթում: Կառավարման համակարգի բարելավման հիմնական շեշտադրումները դրա վրա պետք է դնել:
-Համաձայնագրի ստորագրումից հետո շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանը կկարողանա կապող օղակ դառնալ ԵՄ-ԵԱՏՄ միջև, դուք նման լավատեսություն ունե՞ք՝ հաշվի առնելով ՌԴ-Արևմուտք հարաբերությունների ներկա լարված փուլը:
- Այդ հանգույցը՝ կամուրջ լինել ԵՄ-ՌԴ միջև, խիստ պայմանական է: Նույն տրամաբանությունն ունեն բոլոր մնացած երկրները, որոնք քիչ թե շատ առնչվում են այս միություններին: Յուրաքանչյուր երկիր իրեն տեսնում է կամրջի դերում: Մենք դա ոչ թե որպես կամուրջ պետք է դիտարկենք, այլ պետք է նայենք որպես փոխլրացնող քաղաքական իրողություն ու ոչ թե հակադրենք այլ համադրենք այս երկու արժեհամակարգերը: Ռուսաստանը, լինելով հզոր տերություն, իր ազդեցության գոտիները միշտ կարևորելու է և մենք այդ ազդեցության գոտում ենք, ինչը հասկանում են եվրոպան և ԱՄՆ-ն: Մենք դա ոչ թե որպես հակադրություն, այլ որպես փաստ և իրողություն պետք է դիտարկենք: Եթե մենք այդ իրողություններից ենք ելնելու, կարող ենք շատ ճիշտ համադրել՝ կամուրջ չդառնալով: Փաստացի մենք այս տարածքում ենք գտնվում և մեր մտածողությունն ու զարգացման տեսլականը եվրոպականն է, ռուսական քաղաքական միտքը, կարծես թե, ընդունում է, որ հնարավոր է նաև այդպիսի զարգացում: