03/04/2018 13:03
Ազատ թեմայով շարադրություն է հիշեցնում. Գևորգ Պետրոսյանը՝ հունվարի 3-5-ը աշխատանքային օրեր դարձնելու մասին
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին կառավարության կողմից ներկայացվող ակտերի հիմնավորումները ազատ թեմայով շարադրություններ են հիշեցնում:
«Որևէ մեկին վիրավորելու նպատակ չունեմ, բաց այդ հիմնավորումները սկսել են նմանվել ազատ թեմայով շարադրությունների: Ի՞նչ է նշանակում այն հիմնավորումը, թե կապահովի պետության սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեությունը: Երեք ոչ աշխատանքային օրերի հանումն ի՞նչ կապ ունի դրա հետ», - պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիտին «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավորը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության առաջարկին՝ ոչ աշխատանքային օրերի ցանկից հանել հունվարի 3, 4 և 5 օրերը:
Հարցով հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանը նկատեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանյան տոնացույցում նախատեսել միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ) և Ծննդյան տոները:
Նրա խոսքով՝ նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաև սոցիալ-տնտեսական տեսանկյունից, քանի որ ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, որի ընթացքում պահպանվում է աշխատատեղը և վճարվում է միջին աշխատավարձը:
«Սրան գումարենք 16 ոչ աշխատանքային օր` ազգային տոներ և հիշատակի օրեր, ստացվում է 36 վճարվող հանգստյան օր», - նշեց նա:
Պատգամավորը նաև աբսուրդ որակեց կառավարության հիմնավորման մեջ նշված հետևյալ տողը՝ «Մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանը հավաստում է, որ «տոնը» բնիկ հայերեն բառ է և նշանակում է հասարակական հանդես, հանդիսավոր օր: Հեռավոր անցյալում տոն է կոչվել աստվածներին մատուցած զոհը, զոհաբերվող կենդանին, որևէ հանդիսության նվիրված խնջույքը…»:
«Ես չգիտեմ` ով է որոշել հանգուցյալներին անհանգստացնել, բայց դա աբսուրդ է: Կանանց տոնը ի՞նչ կապ ունի այս ամենի հետ, ոչ կանանց զոհաբերում ենք, ոչ մատուցում ենք աստվածներին: Խնդրում եմ, ձեր հիմնավորումները չլինեն ազատ թեմայով շարադրություն, անհարկի չանհանգստացնենք մեր հանգուցյալներին», - նշեց Պետրոսյանը:
Հանձնաժողովի առաջարկությամբ կառավարության ներկայացուցիչը համաձայնեց հետաձգել հարցի քննարկումը: