03/04/2018 12:43
ԱԻՆ-ը հորդորում է տնտեսվարողներին խստիվ պահպանել օրենքով սահմանված անվտանգության պահանջները
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը բոլոր տնտեսվարողներին ևս մեկ անգամ հիշեցնում է Աշխատանքային օրենսգրքի 217-րդ հոդվածի 4-րդ կետը, որով գործատուն պարտավոր է ապահովել անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Երևանի «Բուրգեր Քինգ» սննդի կետում ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնի պայթյունի հետևանքով տուժել է 8 մարդ: Հարուցվել է քրեական գործ:
Աշխատանքային օրենսգրքի 245-րդ և 254-րդ հոդվածներով՝ համապատասխանաբար «Յուրաքանչյուր աշխատողի աշխատավայրը և շրջապատող միջավայրը պետք է լինեն անվտանգ, հարմար և առողջության համար անվնաս, կահավորված՝ աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան», «Գործատուն ապահովում է, որպեսզի իր կազմակերպություն գործուղված աշխատողն անցնի աշխատանքային պարտականությունների կատարմանը միայն կազմակերպությունում գոյություն ունեցող հնարավոր ռիսկի գործոնների մասին տեղեկացվելուց և աշխատանքի որոշակի վայրում անվտանգության հրահանգավորում անցնելուց հետո»:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է տնտեսվարողներին խստիվ պահպանել օրենսդրությամբ սահմանված անվտանգության կանոնները, լինել զգոն և կատարել գործատուի համար օրենքով սահմանված անվտանգության կանոնների պահպանման պարտականությունները: