03/04/2018 11:25
«Բուրգեր Քինգը» պատրաստ է ֆինանսական օգնություն տրամադրել պայթյունից տուժածներին
«Բուրգեր Քինգ»-ի սեփականատերերը պատրաստ են ֆինանսական աջակցություն ցուցաբերել ապրիլի 2-ին Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում պայթյունի հետևանքով տուժածներին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բուրգեր Արմ» ՓԲԸ «Բուրգեր Քինգ» սննդի կետերի հասարակայնության հետ կապերի մասնագետ Ինգա Հարությունյանը:
«Մեր ներկայացուցիչները երեկվանից հիվանդանոցում են: Նրանք կապի մեջ են տուժածների հարազատների հետ և ինչպես այժմ, այնպես էլ հետագայում ընկերությունը պատրաստ է աջակցել տուժածներին», - ասաց Ինգա Հարությունյանը:
Նա նշեց, որ միջադեպի պատճառները պարզելու ուղղությամբ հետաքննություն է տարվում:
Ինչ վերաբերում հարցին` արդյոք ընկերությունը պատրաստվու՞մ է ստուգումներ անցկացնել իրենց մյուս սննդի կետերում, «Բուրգեր Քինգ»-ի ներկայացուցիչը նշեց, որ տեղի ունեցածը հենց այդ տեղում եղած դժբախտ պատահար էր:
«Մենք, իհարկե, զգոն ենք: Բայց տեղի ունեցածը հենց այդ կետում եղած դժբախտ պահատար էր», - ասաց Ի.Հարությունյանը: