03/04/2018 13:22
Ինչո՞ւ «ՍԱՍ»-ի ձայնագրությունների կամ քարոզող տնօրենների գործով ԿԸՀ դատապարտում չունենք՝ ապագայում նման դեպքերի կանխարգելման համար. Մարուքյանը՝ ԿԸՀ նախագահին
Նախընտրական շրջանում «ՍԱՍ»-ի ձայնագրությունների և քարոզչությամբ զբաղվող դպրոցի ու մանկապարտեզների տնօրենների գործով ԿԸՀ գնահատականներ չունեք, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարքյանը հետաքրքվեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից՝ ԿԸՀ գործունեության մասին հաղորդման մասին զեկույց լսելուց հետո:
«Ինչո՞ւ չունենք «ՍԱՍ»-ի կամ տնօրենների գործով ԿԸՀ գնահատականը, դատապարտումը՝ ապագայում նման դեպքերի կանխարգելման համար», - հետաքրքրվեց Մարուքյանը:
Մուկուչյանն էլ նկատեց, որ վերը նշված դեպքերի մասին ԿԸՀ որոշումներն ու քննարկումները բաց են եղել:
«Մենք մեր որոշումներում արտահայտել ենք մեր տեսակետը, որոնք մեր կայքում տեղադրված են», - նշեց Մուկուչյանն, ապա ընդգծեց, որ իրենք առանձին գործերին չեն անդրադարձել, քանի որ ամբողջ գործընթացը ներկայացվել է թվային տվյալներով:
Մարուքյանը նաև անդրադարձավ «Զիբիլիքսի» գործին՝ նշելով, որ իրենք Երևանի ավագանու ընտրությունների նախօրեին Տարոն Մարգարյանի շտաբի մոտ գտնվող աղբարկղից հայտնաբերված փաստաթուղթ էին գտել, որում հստակ նշված էր ընտրակաշառք ստանալու և առաջարկելու մեխանիզմները, մինչդեռ ԿԸՀ կողմից այդպես էլ արձագանք չեղավ:
«Գոնե ասեիք՝ մենք դատապարտում ենք այդ գործողությունները, ԿԸՀ-ն քրգործ հարուցող մարմին չէ, բայց օրինակ՝ դիրքորոշում չկա: Գրված է, թե դուռը ծեծելուց հետո մարդիկ ինչպես գնան բաղնիք կամ տան մեկ այլ սենյակում ինչպես գումար ստանան: Ամբողջ համակարգը մենք բացահայտել ենք, բայց սրա վերաբերյալ որևէ արձագանք չկա», - դժգոհեց Մարուքյանը:
Ի պատասխան Մուկուչյանը միայն նկատեց, որ ԿԸՀ նիստի ընթացքում հանձնաժողովն իր իրավասությունների շրջանակում փորձել է ներկայացնել խնդիրը: