03/04/2018 10:02
Պաշտոնյաները խուսափե՞լ էին զոհերի շիրիմների մոտ նրանց հարազատներին առերեսվելուց, աչքերին նայելուց. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթն, անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմի երկրորդ տարելիցին, գրում է, որ «ողջ օրվա ընթացքում այդպես էլ «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ապրիլյան պատերազմի զոհերի մի մասի շիրիմներին, պետական բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ մեկը չայցելեց»:
Թերթը նկատել է, որ «այնտեղ չէին ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ո՛չ վարչապետ Կարեն Կարապետյանը, ո՛չ էլ նախարարները: Միայն ՊՆ ներկայացուցիչներն էին երեկ «Եռաբլուրում» եղել, և վերջ:
Ավելի վաղ՝ ապրիլի 1-ի ուշ երեկոյան, «Եռաբլուր» էր այցելել պաշտպանության նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Վիգեն Սարգսյանը՝ ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանի ու երիտասարդների հետ` սա էլ հավանաբար կուսակցական PR-ի շրջանակներում սելֆի անելու համար:
Դժվար է ասել՝ բարձրաստիճան պաշտոնյաները մոռացե՞լ էին օրվա խորհուրդը և այդ պատճառով չէին այցելել, թե՞ պարզապես խուսափել էին զոհերի շիրիմների մոտ նրանց հարազատներին առերեսվելուց, աչքերին նայելուց: Ի վերջո, քառօրյա պատերազմը բացահայտեց այս իշխանությունների իրական դեմքը. տարիներ շարունակ ԶՈՒ-ում իրականացված անխնա թալանի, բացթողումների և, մեղմ ասած, սխալ քաղաքականության հետևանքն էր, որ անսպասելի պատերազմում հայկական կողմը չորս օրում ավելի քան 100 զոհ տվեց, երբ զինվորը ստիպված էր կռվել 80-ականների զենքերով, փամփուշտները վերջանալուց հետո՝ բահով, իսկ զինտեխնիկան հնարավոր չէր եղել արագ գործի դնել: Ամեն դեպքում, իշխանությունների պահվածքը տգեղ էր, շատ տգեղ», - գրել է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում