03/04/2018 13:39
Առաջարկ. քրեական պատասխանատվություն սահմանել զորամասում մոլախաղեր կազմակերպելու ու դրանց մասնակցելու համար
Առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել զորամասերում, զինվորական ծառայության ժամանակ մոլախաղեր կազմակերպելու, դրանց մասնակցելու դեպքերի համար:
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» հարցի քննակման ժամանակ հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանը նշեց, որ որպես մոլի խաղ իրենք դիտարկել են այն խաղերը որոնք «կազմակերպչի կողմից սահմանված կանոններով շահումի վերաբերյալ ռիսկի հիման վրա համաձայնությամբ խաղ է»:
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը օրենքի հեղինակներից հետաքրքրվեց` արդյոք լոտո խաղալն էլ է մոլախաղ։ Աճեմյանը նշեց, որ լոտոն խաղերի ցանկի մեջ ներառված չէ:
««Կազմակերպչի կողմից սահմանված կանոններով շահումի վերաբերյալ ռիսկի հիման վրա համաձայնությամբ խաղ է» ձևակերպումը կարող է վերաբերել նաև լոտոյին», - նշեց Հովհաննիսյանը:
Նա նաև մտավախություն հայտնեց, որ զինծառայողների շրջանում հանցավորությունն այս ձևակերպման պարագայում, երեք անգամ կավելանա:
«Սա իմ կանխատեսումը չէ, զրուցել եմ այս թեմայով համապատասխան մարմինների հետ: Կոչ եմ անում նախագիծը հետաձգել», - հայտարարեց Արփինե Հովհաննիսյանը:
Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը համաձայնեց՝ պնդելով. «2013 թ.-ին առաջին անգամ մենք մտցրեցինք զորամասերում մոլեխաղի արգելք: Հանցավորության աճ եղավ»:
Աճեմյանը հակադարձեց, որ իրենք չեն կարող այդպիսով խթանել հանցագործությունների աճին. «Կարծում եմ, որ սա պետք է, որպեսզի նպաստի հանցավորությունները նվազեն: Մենք չենք կարող խթանել հանցագործությունների աճը: Այդ դրույթը օրենքով ամրագրելը կարևոր է զինվորական ծառայության ժամանակ», - նշեց նա:
Գևորգ Կոստանյանը չհամաձայնեց՝ նկատելով, որ դա նպաստելու է հանցավորությունների թվի աճին, որովհետև քրեականացվելու է որոշակի վարքագիծ, որը ժամանակին քրեական չի եղել:
Արփինե Հովհաննիսյանն էլ առաջարկեց հետաձգել հարցի քննարկումը:
«Իրավապահ մարմինը նայելու է կազմակերպչի կողմից սահմանված կանոնով ռիսկի վրա հիմնված խաղին: Հիմա լոտո են խաղում, կազմակերպիչն ասում է, որ 10 տոկոսը կտաք ինձ: Նույնը չէ՞: Հետաձգեք: Չափազանց բարդ ոլորտ է, և ես չեմ ուզում զինծառայողների մեջ այս հատվածը սրվի, սկսենք վհուկների որս կազմակերպել: Իմ կոչն է լինելու՝ հետաձգել», - կոչ արեց Արփինե Հովհաննիսյանը:
Կարինե Աճեմյանը համաձայնեց հետաձգել օրինագիծը: