03/04/2018 11:25
Առաջարկ. խորհրդարանական լսումների մասին նյութերը ԱԺ կայքում հրապարակել ԱԺ նախագահի համաձայնությունից հետո
ՀՀԿ-ական պատգամավորները առաջարկում են խորհրդարանական լսումների անցկացումից հետո դրանց վերաբերյալ ամփոփ նյութերը ԱԺ պաշտոնական կայքում հրապարակել ԱԺ նախագահի համաձայնությունից հետո:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ԱԺՈ-267-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանն ասաց, որ ԱԺ նախագահը պետք է տեղյակ լինի, թե ինչ բովանդակություն են կրում լսումները, մինչդեռ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը չհամաձայնեց:
«Իմ կարծիքով այստեղ լսումների իմաստը կորում է: Եթե հանձնաժողովում խմբակցությունը լսումներ կազմակերպելու իրավունք ունի, ապա դիտարկում ենք նրան որպես այն պատասխանատու սուբյեկտը, որին տրվում է հանրային միջոցառում կազմակերպելու իրավունք և նրան հետո զրկում ենք հրապարակելու իրավունքից: Դրանով լսումների անցնելու իմաստը կորում է», - նշեց Պետրոսյանը՝ հավելելով, որ եթե օրենքը նման տեսքով մնա, ապա «Ծառուկյան» խմբակցությունը դեմ է քվեարկելու:
Կարինե Աճեմյանն էլ հակադարձեց, որ իրենք այդպիսով նպատակ չունեն նսեմացնել որևէ մեկի դերը՝ պնդելով, որ ԱԺ նախագահը պետք է տեղյակ լինի լսումների բովանդակությունից:
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ առաջարկեց ԱԺ նախագահի «համաձայնություն» բառը փոխարինել «իրազեկմամբ» բառով:
Հանձնաժողովի նախագահ Գևրոգ Կոստանյանը ևս համաձայնեց Արփինե Հովհաննիսյանի և Գևորգ Պետրոսյանի առաջարկների հետ՝ կոչ անելով փոփոխություններ կատարել առաջարկություններում: Աճեմյանը համաձայնեց փոփոխություններով ներկայացնել նախագիծը:
Հանձնաժողովը համաձայնեց նախագիծն ընդգրկել հերթական նիստերի քառօրյայի օրակարգ: