04/04/2018 14:49
Հայաստանում զինծառայողների համար արտոնյալ պայմաններով բնակարաններ ձեռք բերելու մասին նախագիծ է մշակվել
Հայաստանի Պաշտպանության նախարարությունը մշակել և հանրության քննարկմանն է ներկայացրել «Մատչելի բնակարան զինծառայողին» պետական աջակցության ծրագրի նախագիծը, որը բխում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախորդ տարի ընդունված օրենքից։
Aysor.am-ը նախագծից տեղեկանում է, որ սահմանվում են սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոտեքային վարկավորման կարգը և պայմանները։ Ըստ այդմ, զինծառայողները կարող են թե անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև մարզերում երկրորդական շուկայից բնակարաններ կամ բնակելի տներ ձեռք բերելու կամ կառուցելու նպատակով օգտվել 20 տարի ժամկետով հիփոտեքային արտոնյալ վարկավորման ծրագրից առավելագույնը 9% տարեկան տոկոսադրույքով։
Վարկերը տրամադրվելու են ձեռքբերվող բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բնակելի տան արժեքի մինչև 90% -ի չափով, որը ենթադրում է կանխավճարի 10% մեծություն: Կանխավճարը պատրաստ է վճարել պետությունը։ Ընդ որում, երկրորդային շուկայից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում կանխավճարի 10%-ը չի կարող գերազանցել տվյալ տարածաշրջանում ձևավորված բնակարանների կամ բնակելի տների միջին շուկայական արժեքի 10%-ը:
Համապատասխան տարածաշրջանում ձևավորված բնակարանների կամ բնակելի տների շուկայական միջինացված արժեքների վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տարվա յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 20-օրյա ժամկետում ներկայացվում է համապատասխան մարմինների ղեկավարներին:
Ծրագրի մասնակիցներն իրենց նախընտրած գումարի սահմաններում իրավունք ունեն մասնակցել հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերվող բնակարանի կամ կառուցվող բնակելի տան կանխավճարի ֆինանսավորմանը:
Հիփոթեքային վարկի մարման առավելագույն ժամկետը սահմանվում է 20 տարի, վարկառուի համաձայնությամբ վարկը կարող է տրամադրվել ավելի կարճ ժամկետով:
Ինչ վերաբերում է վարկի տարեկան տոկոսադրույքին, ապա այն լինելու է առավելագույնը 9%, որից պետության կողմից սուբսիդավորվում է վարկի տոկոսագումարի առավելագույնը 4 տոկոսը: Տույժերը և տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն:
Այս ծրագրի շրջանակներում, ըստ նախագծի, ամեն տարի ծրագրի շահառու կարող է դառնալ և պետական աջակցություն ստանալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 400 զինծառայող, ոստիկանության 37 զինծառայող, ազգային անվտանգության ծառայության 25 զինծառայող, քրեակատարողական ծառայության 5 զինծառայող:
Ծրագրից չի կարող օգտվել այն զինծառայողը, ով նախկինում օգտվել է պետական ֆինանսական աջակցության այլ ծրագրից կամ բնակարան ձեռք բերելու համար ստացել է անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ սեփականության իրավունքով ստացել է բնակարան:
Ծրագրի իրականացման ժամկետը լինելու է 10 տարի:
Այս ծրագրի շրջանակներում շահառուներին բնակարաններ տրամադրվելու են միայն մեկ անգամ։
Ինչ վերաբերում է պետական աջակցության ծավալին, ապա այն, ըստ նախագծի, որոշվում է` ելնելով բնակարանի հաշվարկային արժեքի չափից: բացի այդ ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր վարկառուի մասով ձեռք բերվող բնակարանի կամ կառուցվող բնակելի տան արժեքի վարկավորման առավելագույն չափ է ընդունվում 28.500.000 դրամը:
Իսկ սահմանված առավելագույն չափից ավելի լինելու դեպքում` պետության կողմից աջակցություն կցուցաբերվի միայն սահմանված առավելագույն արժեքի սահմաններում։