04/04/2018 18:53
Բրյուսելում չենք ասել այնպիսի մի բան, որն այնտեղ կընդունվեր ծափողջույններով, սակայն ցանկալի չէր լինի, որ լսեն Մոսկվայում. Վիգեն Սարգսյան (Տեսանյութ)
Լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ` Հայաստանը համապարփակ փոխգործողության համաձայնագիր է ստորագրել Եվրոպական Միության հետ, Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 7-րդ համաժողովին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Միաժամանակ՝ մենք ամենաբարեկամական հարաբերություններն ունենք Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, արաբական և լատինաամերիկյան պետությունների հետ: Եվ մենք սրանում չենք տեսնում որևիցե տարիմաստություն, քանզի համոզված ենք, որ բազմակենտրոն աշխարհում հարաբերությունները պետք է լինեն հենց այսպիսին», - նշել է նա։
Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի գլխավոր կանոնը հարաբերություններում առավելագույն թափանցիկությունը և հուսալիությունն է:
«Միակ բանը, որը մեզ թույլ է տվել հասնել այս ամենին, այն է, որ միշտ զերծ ենք մնացել գայթակղությունից. օրինակ` Բրյուսելում չենք ասել այնպիսի մի բան, որն այնտեղ կընդունվեր ծափողջույններով, սակայն ցանկալի չէր լինի, որ լսեն Մոսկվայում, և` հակառակը: Մենք ստանձնել ենք միայն այնպիսի պարտավորություններ, որոնք վճռականորեն տրամադրված ենք եղել կատարելու, և կատարել ենք այն ամենը, ինչ խոստացել ենք», - ասել է նա։
Նրա խոսքով՝ Հայաստանի գործելակերպն արժանացել է գործընկերների համարժեք վերաբերմունքին:
«Ես չեմ կարող վերհիշել որևէ դեպք, երբ ռուսական կողմը պետական մակարդակով նույնիսկ ակնարկով կասկածի տակ դներ մեր հարաբերությունները ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և կազմակերպությունների հետ: Նույնկերպ ես երբեք չեմ նկատել, որ ամերիկյան և եվրոպական պաշտոնակիցները անըմբռնողություն դրսևորեն Ռուսաստանի հետ մեր փոխհարաբերությունների նկատմամբ», - ընդգծել է նա։
ՀՀ պաշտպանության նախարարը նշել է՝ ակնհայտ է, որ բազմակենտրոն աշխարհի հաստատման կարևորագույն տարրերից մեկը խաղի կանոնների պահպանման գլոբալ մեխանիզմների ձևավորումն է:
«Եթե հետհայացք ձգենք 20-րդ դարի հետպատերազմյան փուլի աշխարհակարգի կառուցման փորձին, ապա պարզ կդառնա, որ միջազգային հարաբերությունների այդ համակարգի գլխավոր թերամշակումը եղան միջազգային իրավունքում տապալված քննությունները, քննություններ, որոնց հետ միջազգային հանրությունը կապում էր հսկայական հույսեր: Իհարկե, եղել են նաև անվիճարկելի հաջողություններ` սկսած ՄԱԿ-ի միջազգային դատարանում հարթված լրջագույն վեճերից և վերջացրած միջազգային ծովային իրավունքի կոնվենցիայով և քաղաքացիական ավիացիայի միջազգային համակարգի արդյունավետ կարգավորմամբ: Սակայն սրանք չէին Ազգերի Լիգայի և Միացյալ Ազգերի Կազմակերպության ստեղծման հիմքում: Այնհայտ է, որ ստեղծման պահին այս կառույցների հետ կապված գլխավոր հույսերը՝ կապված հարատև խաղաղության պահպանման և բոլոր պատերազմների կանխման հետ, ցավոք սրտի, հիմնականում չարդարացան: Ավելին, գլոբալ աղետից հնարավոր եղավ խուսափել հենց երկբևեռ աշխարհի ստեղծած հակակշիռների շնորհիվ», - ասել է նա։
Վիգեն Սարգսյանը նշել է, որ «այսօր, պետական, տարածաշրջանային և գլոբալ անվտանգության նկատմամբ ծառացած սպառնալիքների արմատականացման պայմաններում «ինչն է կարելի, ինչը՝ ոչ», «կարող եմ և չեմ կարող» հասկացությունների ամբողջական նենգափոխման պայմաններում, պարզամտություն կլինի հույս դնել անցած դարի սկզբին ձևավորված մեխանիզմների և համաշխարհային իրավակարգի համարժեքության վրա»։
«Հիմնական հարցը հետևյալն է. պե՞տք է արդյոք լինի նոր, երկրորդ աշխարհամարտի հետ իր ծավալներով համեմատելի գլոբալ ցնցում, որպեսզի հնարավոր լինի ձևավորել նոր, ժամանակին համարժեք պատասխան: Հուսով եմ` ոչ, և վստահ եմ, որ այս համաժողովի ձևաչափով տեղի ունեցող շփումները, նմանօրինակ այլ ֆորումները մեզ մոտեցնում են այս կարևորագույն հարցի պատասխանը գտնելուն»,-հավելել է ՀՀ պաշտպանության նախարարը։