04/04/2018 17:56
Հայաստանը բազմակենտրոն աշխարհի ընձեռած լայն հնարավորությունների օգտագործման ակնառու օրինակ է. Վիգեն Սարգսյան (Տեսանյութ)
Հայաստանը բազմակենտրոն աշխարհի ընձեռած լայն հնարավորությունների օգտագործման ակնառու օրինակ է, Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 7-րդ համաժողովին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Անկախության առաջին օրերից ի վեր մենք հաճախ լսել ենք, որ պետք է կատարել աշխարհաքաղաքական ընտրություն «կամ-կամ» սկզբունքով: Այս մասին գրել են մեր տեղական և միջազգային փորձագետները, սրա մասին բազմիցս ասել են մեր խորհրդարանի այս կամ այն խմբակցության ներկայացուցիչները, սա են մեզ պնդել մի շարք երկրների պատվիրակները, ովքեր գլուխ էին կոտրում` փորձելով դիվիդենտներ քաղել ուժային այս կամ այն կենտրոնի նկատմամբ ցուցադրական ատելությամբ», - նշել է նա։
Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի մոտեցումը մշտապես բխել է այն համոզմունքից, որ երկրի դիրքորոշումը այս կամ այն գործընթացի, առավել ևս՝ այլ պետությունների հետ փոխհարաբերությունների նկատմամբ, պետք է հիմնված լինի փոխադարձ խորը հարգանքի և ընդհանուր, համատեղ պատմությանը և արժեհամակարգին հարիր վերաբերմունքի վրա, որոնց շուրջն էլ կառուցվում է քաղաքականությունը:
«Եվ սա առաջին հերթին վերաբերում է անվտանգության խնդիրներին: Անկասկած, Հայաստանը լուրջ ջանքեր է գործադրում, որպեսզի և մեր ընկերների ու դաշնակիցների, առաջի հերթին՝ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, և մեր գործընկերների համար ակնհայտ լինի, որ մեր քաղաքականությունը կառուցվում է ոչ թե տարածաշրջանային և գլոբալ դերակատարների դիմակայության մանիպուլյացիայի գոտում, այլ ընդհակառակը՝ նրանց շահերի բախման կետում», - ընդգծել է նա։
«Իհարկե, «բարյացակամորեն» տրամադրվածները ամենուր են, ովքեր լոբիստների, ԶԼՄ-ների, հետազոտական կենտրոնների միջոցով փորձում են Արևմուտքին Հայաստանը ներկայացնել որպես «Ռուսաստանի կառավարման տակ գտնվող խամաճիկային պետություն», իսկ Ռուսաստանի աչքում՝ որպես «փախստակ, որը փորձում է միաժամանակ նստել երկու աթոռի վրա»»,-շեշտել է ՀՀ պաշտպանության նախարարը։
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ «բազմակենտրոն աշխարհի» բոլոր կենտրոնների հետ հարաբերությունների համակարգի զարգացման ուղղությամբ Հայաստանի հետևողական ու թափանցիկ քաղաքականությունը տալիս է իր արդյունքները:
«Բառացիորեն մի քանի շաբաթ առաջ անցկացված անվտանգության հարցերով Մյունխենյան համաժողովի շրջանակներում կայացած նիստին` նվիրված Եվրոպայի և Ռուսաստանի միջև հարաբերություններին, բոլոր ելույթ ունեցողները, ինչպես Ռուսաստանի Դաշնությունից, այնպես էլ եվրոպական կառույցներից, բերում էին Հայաստանի օրինակը՝ որպես փոխգործողության իր ձևաչափերը առավել արդյունավետորեն համադրող երկրի», - նշել է Վ. Սարգսյանը։