06/04/2018 16:40
Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո հայ-ադրբեջանական սահմանային գոտում խիստ լարված իրավիճակ կստեղծվի. Լևոն Շիրինյան
Նման երկրներում ընտրություններով հարց չի լուծվում, ամեն ինչ նախապես է կանխորոշված, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանն՝ անդրադառնալով Ադրբեջանում սպասվող արտահերթ նախագահական ընտրություններին:
«Ամեն ինչ կանխորոշված է: Ալիևն է, և վերջացավ: Սա չընտրություն է: Կլանները նախապես ընտրում են թեկնածուին, դերերը բաժանվում են, մեկը լինում է ընդդիմություն, դեմ է խոսում, մեկը դիմություն է լինում, մյուսը կապույտ՝ ո՛չ էն է, ո՛չ էն: Ժողովուրդը սկսում է շփոթվել: Նրա մոտ էյֆորիա են առաջացնում՝ ասելով, թե ինքը չլինի, էլ ո՞վ լինի: Չեն ասում, որ ընտրության օրը էդ մեկը մեռավ, ո՞վ է լինելու», - նշեց նա:
Ըստ Շիրինյանի՝ Ադրբեջանում հետընտրական զարգացումներ գուցե չդրսևորվեն, բայց Ադրբեջանի ընտրությունները որոշակի ազդեցություն կունենան տարածաշրջանի, մասնավորապես, Արցախի վրա: Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանային գոտում խիստ լարված իրավիճակ կստեղծվի:
«Հնարավորություն ունենալու դեպքում Արդբեջանը կգրոհի, ապրիլյան պատերազմի դեպքում ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ նրա հովանավոր ՌԴ-ն, որը մեր կոմերցիոն դաշնակցին է, ոչ մի ստրատեգիական խնդիր չլուծեցին: Հայկական կողմին պետք է մոբիլիզացիա անել և պետությունը ռեֆորմների ենթարկել: Հայաստանի իշխանությունն ինտելեկտուալ դառնալու կարիք ունի: Մենք կարող ենք դա անել: Ապրիլյան դեպքերն ապացուցեցին, որ մենք ուժեղ սերունդ ունենք», - նշեց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները կանցկացվեն ապրիլի 11-ին, մինչդեռ Ադրբեջանի հերթական նախագահական ընտրությունների անցկացման ժամանակը 2018-ի հոկտեմբերի 17-ն էր: Սահմանադրության մեջ կատարված փոփոխություններով այսուհետ ընտրված նախագահը ղեկավարելու է Ադրբեջանը 7 տարի: